«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշանակման պահից, իշխանական շրջանակների գնահատմամբ, անում է հնարավորն ու անհնարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը պահպանելու համար, իրավապահ համակարգում բոլորովին այլ գործընթաց է հասունանում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական և իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Մեր տեղեկություններով՝ մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումը լուծարելու և դրա լիազորությունները Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, գործնականում չի արդարացրել սպասելիքները։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի։ Թե ինչ ժամկետներում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։

«Մեկ քննչական մարմնի» գաղափարը չարդարացրեց սպասելիքները

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինների համակարգը էապես վերափոխվեց։

Ընդունված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ նախաքննություն պետք է իրականացնեին միայն երկու մարմիններ՝ ՀՀ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումները դադարեցրին իրենց գործունեությունը։

Այդ ժամանակ իշխանությունը ներկայացնում էր, որ այս մոդելը կբարձրացնի նախաքննության արդյունավետությունը, կվերացնի լիազորությունների կրկնությունը, կապահովի միասնական պրակտիկա և կնպաստի համակարգի առավել արդյունավետ կառավարմանը։

Սակայն մասնագիտական շրջանակներում դեռևս այն ժամանակ զգուշացնում էին, որ ազգային անվտանգության ոլորտի հանցագործությունների քննությունը պահանջում է ոչ միայն քրեադատավարական գիտելիքներ, այլև հատուկ օպերատիվ փորձ, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և ազգային անվտանգության սպառնալիքների գնահատման կարողություններ, որոնք տարիներ շարունակ ձևավորվել էին հենց Ազգային անվտանգության ծառայության համակարգում։

Հիմա այդ մտահոգությունները տարիների ընթացքում միայն խորացել են։

Ի՞նչ է փոխվել իշխանության մոտեցումներում

Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ազգային անվտանգության, լրտեսության, պետական դավաճանության, ահաբեկչության, հակահետախուզական գործունեության և պետական գաղտնիքին առնչվող քրեական վարույթների քննությունը պահանջում է ինստիտուցիոնալ առանձնահատկություններ, որոնք դժվար է ամբողջությամբ վերարտադրել ընդհանուր քննչական մարմնում։

Հենց այդ պատճառով էլ իշխանության ներսում ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում ԱԱԾ-ում քննչական ստորաբաժանման վերականգնման գաղափարը։ Ի դեպ, Արթուր Պողոսյանը հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից տեղափոխվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում