ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հետ է եղել, երբ երեկ սրվել է միլիարդատեր Իլոն Մասկի հետ թշնամությունը, և Թրամփը Վենսին կոչ է արել հրապարակավ դիվանագիտորեն արտահայտվել Մասկի հետ կապված իրավիճակի մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
Փոխնախագահն ու Թրամփը երեկվա ընթացքում մի քանի անգամ շփվել են, հավելել է աղբյուրը։
Վենսը սոցիալական ցանցերում կատակ է հրապարակել այն մասին, որ դա «դանդաղ լրատվական օր» է եղել՝ Թեո Վոնի հետ փոդքասթում հարցազրույցից առաջ, որտեղ նրան, ենթադրաբար, հարցրել են աղմկահարույց իրադարձության մասին։ Հարցազրույցը դեռ եթեր չի հեռարձակվել։
Մասկի ռեփոսթներից մեկում տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերն առաջարկել է Թրամփին իմպիչմենտ հայտարարել և նրան փոխարինել Վենսով։ Երեկ երեկոյան իր էջում Վենսը գրել է. «Նախագահ Թրամփն իմ կյանքում ավելին է արել, քան որևէ մեկը, որպեսզի արժանանա իր գլխավորած շարժման վստահությանը։ Ես հպարտ եմ, որ կանգնած եմ նրա կողքին»։
Ընդ որում, նա Մասկին չի հիշատակել։