Սա միլիոններ պետք է բերի, մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին

«Բջնի ամրոց» այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամրոցի տարածքի բնակիչներին առաջարկեց գնել նրանց տները «լավ գնով», որպեսզի տարածքը գերակա շահ ճանաչվի, և ամրոցին տրվի զբոսաշրջային նշանակություն:

Դիմելով պատասխանատու պաշտոնյաներին՝ Փաշինյանն ասաց, որ նախկինում ամրոցի մասով առաջադրված խնդիրները չեն լուծվել ամբողջությամբ, տարածքում դեռ կան ծառեր, որոնք խանգարում են ամրոցի տեսքին, նաև կան երևացող խողովակաշերեր:

«Սա հուշարձանի տեսք չէ, հարգելի՛ գործընկերներ: Եթե այստեղ նորմալ պեղումներ արվեն, այնքան բան կգտնեն: Նման հուշարձան մենք չունենք: Սա վերաբերմունք չէ, հարգելի՛ գործընկերներ»,- դժգոհեց Փաշինյանը:

Խոսքն ուղղելով ամրոցի տարածքի բնակիչներին, որոնք ներկա էին, խնդրեց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, համաձայնության գալ, մի լուծում գտնել ամրոցի տարածքը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ, քանի որ հուշարձանը եզակի է:

Բնակիչներից մեկն ասաց, որ ամբողջ կյանքում տեր է կանգնել հուշարձանին, ճանապարհ է սարքել զբոսաշրջիկների համար: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց՝ միաժամանակ նշելով, որ գերակա շահ ճանաչելու դեպքում որոշ շենքեր էլ կապամոնտաժեն, քանի որ քաղաքաշինությունը պետք է ամբողջությամբ կառուցվի ամրոցի շուրջ:

«Սա միլիոններ պետք է բերի համայնքին: Բոլորի՛ն: Սա համայնքի բարեկեցության և հարստության արգասիքն է: Խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում եկեք գտնենք, շատ եմ խնդրում»: