ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով աջակցել է Իրանի հետ հրադադարին հանգեցրած բանակցությունների վերջին ժամերին, այս համաձայնագիրն անվանել է «փխրուն զինադադար»: Ըստ CNN-ի՝ նա նշել է, որ այս գործընթացն իրեն շատ բան է սովորեցրել իրանական համակարգի մասին։
Բուդապեշտում ունեցած ելույթի ժամանակ Վենսն ասել է, որ Իրանի արձագանքը բավականին տարբեր է եղել, ինչը կախված է եղել կառավարության ներսում գործող խմբերից։
Նա հայտնել է, որ եթե արտգործնախարարը դրական է արտահայտվել նախագծի մասին, ապա մյուսները «ստել են» թե՛ ԱՄՆ-ի ռազմական ձեռքբերումների, և թե՛ հրադադարի ընդհանուր «ուրվագծերի» վերաբերյալ։
«Ահա թե ինչու եմ ասում, որ սա փխրուն զինադադար է,- նշել է նա։- Կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և համագործակցել մեզ հետ՝ շահավետ գործարք կնքելու համար, բայց կան նաև մարդիկ, ովքեր ստում են անգամ այս փխրուն զինադադարի մասին։ Եթե իրանցիները պատրաստ են բարեխղճորեն համագործակցել մեզ հետ, կարծում եմ՝ մենք կկարողանանք համաձայնության գալ։ Իսկ եթե պատրաստվում են ստել, խաբել կամ փորձել խաթարել նույնիսկ այս փխրուն հրադադարը, ապա նրանց վիճակը «քաղցր» չի լինի»։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին խնդրել է առայժմ ձեռնպահ մնալ Իրանի նկատմամբ ճնշման որոշակի ռազմական, դիվանագիտական և տնտեսական գործիքների կիրառումից։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ տարբերակներն ուժի մեջ կմնան, եթե Իրանին չհաջողվի պայմանավորվել պատերազմի դրական ավարտի շուրջ։
«Նա մեզ ասաց նստել բանակցությունների սեղանի շուրջ,- նշել է Վենսը՝ խոսելով Թրամփի մասին,- բայց եթե իրանցիները նույն կերպ չվարվեն, նրանք կհամոզվեն, որ Միացյալ Նահանգների նախագահն այն մարդը չէ, ում հետ կարելի է կատակներ անել։ Նա անհամբեր է և ձգտում է հնարավորինս շուտ առաջընթացի հասնել»։