Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՊՀ դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի դեսպանի հետ

Հունվարի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ավանդական հանդիպում է անցկացրել Ռուսաստանում հավատարմագրված Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների դեսպանների հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և եվրասիական այլ կառույցների գործադիր մարմինների ղեկավարները։

«Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել 2025 թվականին եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները։ Սահմանվել են մոտակա նպատակներ, որոնց թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման ամրապնդումը, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովումը»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ լուսանկարից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։