Ուզում էինք Վիգենի կնոջ Հայաստան գալու հարցը լուծել, բայց արդեն հայրենակիցներից մեկը լուծել էր. ՔՊ–ական Հայկ Սարգսյան

Նախօրեին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը ժամանում է Երեւան’ տեսակցելու ամուսնուն։ Այստեղ է նաև ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծաղիկները ձեռքին։ նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն լրագրողներից մեկը հայտնել է, որ Վիգենի կինը Հայաստանի հետ գալու հետ կապված խնդիրներ ունի. «Մենք մինչև կապնվեցինք արդեն մեր հայրենակիցներից մեկը Հայաստան վերադարձի հարցը լուծել էր ու տեղեկացանք, որ Հայաստանում դիմավորող այս պահին ոնց որ չկա, քանի որ իրենք Հայաստանում մշտական բնակության մեջ չեն ու որոշեցինք նաև գանք, դիմավորենք։

Իրեն տեղեկացրել ենք, շատ ուրախացել է, հիմա սպասում ենք, որ իրեն դիմավորենք և միասին արդեն գնանք Մուրացան հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»,–ասաց նա՝ հավելելով, որ բոլորի հույսը և աշխատանքը դա է, որպեսզի բոլորը վերադառնան։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր, որ թող գերիները 2-3 ամիս էլ դիմանան, բայց անցել է 4 տարուց ավելի, Հայկ Սարգսյանն ասաց. «Տեսեք, պատերազմի ավարտից այս պահի դրությամբ անցել է հինգ տարի երկու ամիս, ունենք տասնյակ վերադարձած հայրենակիցներ տարբեր փուլերում։ Հենց 2021 թվականին էլ ունենք վերադարձած հայրենակիցներ, անցած տարի էլ, եթե հիշում եք, էլի տարեվերջին ունեցանք մոտ 30 վերադարձած հայ գերիներ։ Ուզում եմ ասեմ վերջին հինգ տարի երկու ամիսների ընթացքում պրոցեսը միշտ եղել է շարունակական ու անընդհատ ունեցել ենք վերադարձող տղաներ»։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։