Գիտնականները վերլուծել են, թե ինչպես են լրատվական լեզուն և սոցիալական ցանցերն ազդում ներգաղթի վերաբերյալ տեսակետների տարածման վրա։
Economic Inquiry հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ լրատվամիջոցների կիրառվող լեզվի փոփոխություններն ի վիճակի են փոխել մարդկանց քաղաքական նախասիրությունները ոչ միայն նորություններին անմիջականորեն ծանոթանալու, այլև մարդկանց միջև սոցիալական կապերի միջոցով։
Իրենց վերլուծության համար հետազոտողներն օգտագործել են 2013 թվականին «անօրինական ներգաղթյալ» եզրույթից և այն իր ռեպորտաժներում օգտագործելուց հրաժարված խոշոր լրատվական Associated Press գործակալության գործելակերպի փոփոխությունների վերաբերյալ տվյալները։ Այդ փոփոխությունը տեղի է ունեցել ոչ թե քաղաքական պատճառներով, այլ իբրև առավել չեզոք լեզվին միտված խմբագրական քաղաքականության մաս։
Քանի որ շատ թերթեր և լրատվամիջոցներ կախված են Associated Press-ի նյութերից, լեզվի այդ փոփոխությունը տարածվել է Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում։ Հետազոտողները պարզել են, որ համայնքների բնակիչները Facebook-ի միջոցով սոցիալական կապ են հաստատել այն համայնքների հետ, որտեղ լեզվական նորմերն ավելի արագ են ընդունել այս նոր խմբագրական քաղաքականությունը, և հակված են ներգաղթի քաղաքականության վերաբերյալ նվազ կոշտ դիրքորոշումներ արտահայտել։
Այս արդյունքների հիման վրա հեղինակները հանգել են այն եզրակացության, որ լրատվամիջոցների լեզուն կարող է ձևավորել քաղաքական վերաբերմունքը ավելի լայն իմաստով, քան նորությունների անմիջական սպառման միջոցով, քանի որ մարդիկ ընդունում են տեսակետներ ոչ միայն լրատվամիջոցներից, այլև իրենց սոցիալական ցանցերից: Այդ անուղղակի ազդեցությունը ենթադրում է, որ սոցիալական լրատվամիջոցների վերաբերյալ քննարկումներն ու տեսակետներն ազդում են կարևոր հանրային հարցերի ընկալման վրա նույնիսկ նրանց շրջանում, ովքեր անձամբ չեն կարդում կամ չեն տեսնում սկզբնաղբյուրը։
Հետազոտությունը շեշտում է, որ լրատվամիջոցների լեզուն և սոցիալական ցանցերի կառուցվածքը կարող են միասին որոշակի քաղաքական տրամադրություններ վերարտադրել և ամրապնդել հասարակության մեջ՝ ազդելով այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ մտածում առանցքային սոցիալական և քաղաքական հարցերի, մասնավորապես՝ ներգաղթի մասին։