ԶՈՒ-երում ծառայող գնդերեցներին ուզում են ներքաշել հակաեկեղեցական արշավի մեջ․ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: Այս մասին գրել է Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

«Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել: Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է՝ չարի և բարու: Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:

Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը»,-գրել է նա։