«Նրանք պարզապես ուզում են մեզ Ռուսաստանից կտրել». Տնտեսագետը՝ Ադրբեջանից բենզին ներկրելու մասին

Այդ գործարքը, որ կատարվում է, հենակային գործարք է. հենակով ինչ–որ տնտեսական  օպերացիա է իրականացվում, և երբ հենակը քաշվի այդ թեմայի տակից, այդ ամբողջ կառուցած իբր թե լոգիստիկան փլվելու է։ Այս մասին  զրույցում նշեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից երկաթուղով Վրաստանի տարածքով բենզինի ներկրմանը։

«Իսկ հենակը քաշել, հենակը ջարդել, հեռացնել կամ շարժունակությունը կորցրած անձին հենակից զրկելը կարող է լինել Հայաստանի դեմ Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարելը, այդ թվում սահմանադրության փոփոխություն, այդ թվում, այսպես կոչված, «ռազմական հանցագործների» հանձնում, այդ թվում ենթադրենք Խոջալուի դեպքերի ուսումնասիրություն, և երբ Հայաստանը հրաժարվի կատարել այդ ամբողջը, նույն պահին այդ տնտեսական գործարքի տակ դրած հենակը կորելու է, և այդ ամբողջ տնտեսական տրամաբանությունը միանգամից փլվելու է»,–ասաց նա։

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են Հայաստանին ներքաշել տնտեսական այնպիսի համագործակցության մեջ, որը կթուլացնի Ռուսաստանի հետ եղած հնարավոր առավել ռազմավարական լոգիստիկ կապերը. ««Այդ լոգիստիկ թուլացումը, լոգիստիկ տարբերակների պակասելը մեր տնտեսությանը որոշակի հեռանկարով ռիսկային ինչ-որ մթնոլորտ է ձևավորելու։ Նրանք պարզապես ուզում են մեզ Ռուսաստանից կտրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այստեղ շահույթի խնդիր չէ, սրանք ընդամենը մեկանգամյա գործարքներ են, որոնք կախված են ցանկացած քմահաճույքից։ Ես վստահ եմ, որ այդ գործարքների հեղինակները դա շատ լավ հասկանում են, բայց նրանք պարզապես ունեն հանձնարարություն, որը փորձում են կատարել։ Այստեղ տնտեսական, տնտեսագիտական, ինչ-որ բացատրություններ չկան։ Այդ տնտեսվարողին էլ հանձնարարել են, որ այդ գործարքի մեջ մտնի, որովհետև այս գործարքները երաշխավորված գործարքներ չեն, ապահովագրված չեն»,– ընդգծեց Կամենդատյանը։

Հարցին՝ որքանով է Հայաստանի համար շահավետ Վրաստանի տարածքով Ադրբեջանից բենզին ներկրելը, տնտեսագետը պատասխանեց. «Այդտեղ շահավետության խնդիր չկա, որովհետև առանց պրոբլեմի մենք Բուլղարիայից բենզինը ստանում ենք։ Վերջին 20 տարիների ընթացքում բենզինի ներկրման ոչ մի արգելք չի եղել։ Մենք Բուլղարիայից և Ռուսաստանից ազատ ստացել ենք, ոչ մի պրոբլեմ չի եղել։

Սա թուրքական «նիսյա» ներթափանցման փորձ է։ Ամբողջը սկսվում է «նիսյա» ապանք տրամադրելուց, ասում են՝ տար ծախի, հետո կբերես փողը կտաս»։