Թրամփը Վենեսուելայի հարցով հանդիպում կանցկացնի . CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան հանդիպում կանցկացնի Սպիտակ տանը՝ Վենեսուելայի վերաբերյալ հաջորդ քայլերը քննարկելու համար, CNN-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Նախատեսվում է, որ Թրամփի կաբինետի և ազգային անվտանգության թիմի հիմնական անդամները կմասնակցեն միջոցառմանը, նրանց թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հանդիպումը տեղի է ունենում Վենեսուելայի վրա ԱՄՆ ճնշման աճի ֆոնին, ներառյալ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավերի վրա հարվածները և Կարիբյան ավազանում ռազմական ներկայությունը։ ԱՄՆ ուժերը գործողության շրջանակում, որը Պենտագոնն անվանում է «Հարավային նիզակ», տարածաշրջանում տասնյակից ավելի ռազմանավեր և 15 հազար զինվորականներ է տեղակայել։

Անցյալ շաբաթ նախագահը հայտարարեց նաև, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» կկանգնեցնի Վենեսուելայից թմրանյութերի ապօրինի շրջանառությունը՝ թե՛ ցամաքով, թե՛ ծովով։