Լոս Անջելեսում բողոքի ալիք՝ ընդդեմ իշխանությունների և եկեղեցու նկատմամբ ճնշումների

Լոս Անջելեսում հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ Գլխավոր հյուպատոսության դիմաց՝ ընդդեմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումների։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել կալանավորված հոգևորականներին, այդ թվում՝ Բագրատ Սրբազանին, ինչպես նաև դադարեցնել ընդդիմադիր շարժման նկատմամբ կիրառվող ճնշումները։ Բողոքի ակցիան ակտիվորեն տարածվել է սոցիալական ցանցերում։ Հայտնի դերասաններ և հանրային դեմքեր, այդ թվում՝ Բեն Ավետիսյանը, Սուպեր Սաքոն և Անժելա Սարգսյանը, ուղիղ եթերների միջոցով կոչ են արել մարդկանց միանալ պայքարին և բարձրաձայնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նրանք ընդգծել են, որ խոսքի ազատությունը չի կարող քրեականացվել, իսկ ընդդիմադիր դիրքորոշումը՝ հետապնդման պատճառ դառնալ։ Բեն Ավետիսյանը նաև նշել է, որ իր ընտանիքը անմիջականորեն առնչվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այն ինչը հիմա կատարվում է ցավալի փաստ է երկրի ապագաի համար։ Ակցիայի ընթացքում հնչել են մի շարք կոչեր՝ «Freedom for political detainees», «Speaking is not a crime», «Hands off the Armenian Church», «Nikol, resign», «Ազատություն Սրբազանին»։ Միաժամանակ, իրավապաշտպան կառույցները նույնպես արձանագրել են իրավիճակի լարվածությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ Երևանում և ՀՀ մարզերում արձանագրվել են բազմաթիվ ձերբակալություններ, ինչպես նաև ստացվել են ահազանգեր ազատությունից զրկված անձանց գտնվելու վայրի անհայտ լինելու վերաբերյալ։ Հայ համայնքի ներկայացուցիչները հայտարարում են, որ շարունակելու են իրենց պայքարը նաև ԱՄՆ-ում՝ միջազգային ուշադրությունը հրավիրելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։

© armenianpulse.am, 2025 Նյութի ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն հղումով աղբյուրին