Թրամփը ցանկանում է շահույթ ստանալ սառեցված ռուսական ակտիվներից.Politico

Եվրոպական Միության պաշտոնյաներն ամիսներ շարունակ անհաջող փորձում են հնար գտնել, որպեսզի Կիևի ռազմական գործողություններին աջակցելու համար օգտագործեն մոտ 140 միլիարդ եվրո բռնագրավված ռուսական ակտիվները, որոնք հիմնականում պահվում են Բելգիայում, գրում է Politico-ն:

Ըստ դիվանագետների՝ Բրյուսելում բանակցությունները ներկայում չափազանց նուրբ փուլում են, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են մշակել իրավական տեքստ, որը հնարավորություն կտա սառեցված միջոցներն օգտագործել Ուկրաինայի կառավարությանը վարկ տրամադրելու համար:

Սակայն Միացյալ Նահանգների 28 կետից բաղկացած նոր հրադադարի ծրագիրը ներառում է այլընտրանքային գաղափար՝ հրադադարից հետո նույն ակտիվներն ԱՄՆ գլխավորությամբ վերակառուցման աշխատանքների համար օգտագործելուն: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգներին այդ գործունեությունից բաժին կհասնի շահույթի «50%-ը»:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ծաղրել է այդ գաղափարը՝ հայտարարելով, որ անկախ նրանից, թե որքան էլ Թրամփը ցանկանա, Եվրոպայում գտնվող ակտիվները ապասառեցնելու համար նա լիազորություններ չունի: ԵՄ բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը նշել է. «Ուիթքոֆը լավ կանի դիմի հոգեբույժի»: