Ուկրաինան իր տարածքները Պուտինին չի նվիրի. Զելենսկի

Ուկրաինան իր տարածքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի նվիրի։ Եթե նա ավելի հեռու գնա, ստիպված կլինի «զոհաբերել» միլիոնավոր ռուս զինվորների, ըստ РБК-Украина-ի՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ «Պուտինին ոչ ոք չի վստահում»։

«Ոմանց համար սա պարզապես տարածք է, իսկ մեզ համար սա մեր կյանքն է, մեր պատմությունը, մեր Սահմանադրությունը։ Դրանք տներ են, ընտանիքները, դրանք շատ-շատ ասպեկտներ են, որոնք շատ զգայուն են Ուկրաինայի համար։ Նրանք, ովքեր ապրել են, և նրանք, ովքեր հիմա լքել են իրենց տները ռմբակոծության, օկուպացիայի պատճառով, կցանկանային վերադառնալ։ Այո, գուցե դա հիմա անիրատեսական է, բայց նրանք կվերադառնան»,- ասել է նա։

Ըստ նրա՝ տարածքների փոխանակման տեսքով միասնական կամ ողջամիտ մոտեցում չկա։

«Եթե չեք վստահում այդ մարդուն, եթե այդ մարդն արդեն մասամբ օկուպացրել է ձեզ, եթե հասկանում եք լայնածավալ պատերազմի բոլոր կողմերը, այսինքն՝ նույնիսկ եթե հեռանաք, եթե ինչ-որ մեկն աջակցում է այս խելագար գաղափարին, ո՞վ կարող է ձեզ երաշխավորել, որ Պուտինը չի շարունակելու։ Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ընդգծել է, որ Պուտինը «բազմիցս ստել է, ուստի չի կարելի նրան վստահել և տարածքներ տալ»։

«Սա մեր պաշտպանության գծի շատ հզոր մասն է։ Նա այնտեղ արդեն շատ զինծառայողներ է կորցրել։ Ավելի քան 100 հազար զինծառայող, հատկապես հիմնական ուղղություններով։ Ես նկատի ունեմ Պուտինին։ Հետևաբար, պարզ է, որ 4 տարվա ընթացքում նա չի կարողացել օկուպացնել Դոնբասի մեկ շրջանի 30%-ից ավելին», — հավելել է Զելենսկին։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանի նախագահն ավելի հեռու գնա, նրան տարիներ կպահանջվեն։

«Չգիտեմ քանի տարի, բայց տարիներ կլինեն, հասկանում եք, որ այստեղ հարցը միայն տարիների, ոչ միայն ժամանակի մասին է։ Այստեղ հարցն այն է, որ նա ստիպված կլինի միլիոնավոր զինվորներ զոհաբերել։ Ահա թե ինչու մենք նրան նման նվերներ չենք տա»,- նշել է Ուկրաինայի նախագահը։