Եթե ՌԴ-ն ցանկանար, կարող էր ապահովել Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին. ռուսաստանցի լրագրող

Ռուսաստանը չի փրկի Ադրբեջանին, որը բողոքում է, թե Հնդկաստանը խոչընդոտում է ՇՀԿ-ին լիիրավ անդամի կարգավիճակով միանալու իր դիմումը։ Դրա մասին «Առաջին Սևաստոպոլյան» «Ուղիղ եթերում» հաղորդման ժամանակ հայտարարել է հեռուստահաղորդավար, «Քաղաքական Ռուսաստան» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ռուսլան Օստաշկոն։

Նա նշել է, որ անցել են այն ժամանակները, երբ Ռուսաստանն օգնում էր կարգավորել նման հակամարտությունները։ Հետո էլ՝ Ադրբեջանն արդեն միացել է Թուրքիային, «իսկ Հայաստանը խաղադրույք է կատարել Արևմուտքի վրա»։

«Եթե մեր նախագահը քաղաքական կամք և քաղաքական ցանկություն ունենար, որ Հայաստանն ու Ադրբեջանը միանան ՇՀԿ-ին, եկեք անկեղծ լինենք. մենք կարող էինք համաձայնության գալ և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի հետ, որպեսզի նրանք չօգտագործեին իրենց վետոն։ Բայց մենք չենք ուզում պայմանավորվել. հարց.  նրանք այսօրվա վիճակով մեր ինչին են պետք։ Եթե շատերին թվում էր, թե Ռուսաստանը պետք է «լծվի» գործի՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների համար պարզապես այն պատճառով, որ մենք պարտավոր ենք դա անել, ապա այդ ժամանակն անցել է։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտական ​​չենք։ Անկախություն էիք ուզում, անուշ արեք»,- ասել է Օստաշկոն։