Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք մի քիչ անազնիվ ենք ու անարդարացի. Հովիկ Աղազարյան

Սա դիվանագիտության ծամածռություն է ընդամենը, դա շղարշն է և բոլոր երկրների հարաբերությունների մեջ էլ էդ շղարշը, էդ փոխադարձ հաճոյախոսությունները կան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ՌԴ–ի հետ հարաբերությունները համարում է եղբայրական, մյուս կողմից Վաշինգտոնում Թրամփի ու Ալիևի հետ համաձայնագրեր է կնքում։

«Օրինակի համար ո՞նց կարելի է Հայաստանի նման Ժողովրդավար երկրի ղեկավարը և Ադրբեջանի նման բռնապետական պետության երկրի ղեկավարը աշխարհի ամենադեմոկրատական արժեհամակարգը կրող երկրի ղեկավարի մոտ նույն մոտեցման արժանանան։ Նույնիսկ կարելի է ասել, որ Իլհամ Ալիևի նկատմամբ վերաբերմունքը ավելի լավն էր, քան մեր նկատմամբ։ Այդ ամեն ինչը արտաքին շղարշն է, կարևորը բովանդակությունն է։ Դու օրենք ես ընդունում ԵՄ գնալու հետ կապված, հետո կասես՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչի՞ մասին եք խոսում, օրենք է, թող մնա այդտեղ, ի՞նչ է խանգարում, բայց մի X պահի կասես՝ օրենք ենք ընդունել, չկատարե՞նք։ Այնպես որ բովանդակությունն է կարևոր։

Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով մենք մի քիչ անազնիվ ենք ու անարդարացի՝ անկախ մեր նկատմամբ Ռուսաստանի թույլ տված սխալներից։ Բայց մենք անազնիվ ենք այն իմաստով, որ Ռուսաստանը՝ մեր ռազմավարական դաշնակիցը, որի զորքերը մեր սահմաններն են պաշտպանում, գտնվում է ծանր ռազմաքաղաքական իրողությունների մեջ Ուկրաինայի պատերազմի բերումով և ըստ էության, պատերազմում է աշխարհի ուժեղ կեսի հետ, դու չես կարող իրեն այնպիսի օգնություն ցույց տալ, որ դա էական լինի։ Ի՞նչ կարիք կա, որ այս ընթացքում դու այդ ձևի քաղաքականություն իրականացնես Եվրոպայի հետ կապված։

Մյուս կողմից ես այդքան էլ դեմ չեմ, որ Հայաստանը Ամերիկայի հետ պայմանագիրը է կնքում, չնայած ես Թրամփին համարում եմ ծաղրածու, որ ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ։ լավ է երկխոսությունը Ադրբեջանի հետ, դա ճիշտ է։

Հիմա, եթե Վլադիմիր Պուտինի հետ քաղցր զրույցի արդյունքում, Իրանի հետ քաղցր զրույցների արդյունքում վարչապետը կարողանա հասնել այնպիսի մի հանգրվանի, որ այդ, այսպես կոչված, անխոչընդոտ ճանապարհի հետ կապված հետագա գործընթացներում մասնակցություն ունենան ինչ-որ իմաստով Իրանը և Ռուսաստանը, դա կլինի արտակարգ։

Ես դեմ չեմ, որ Ալիևն էլ հասնի իր նպատակներին։ Ես փոքր պետություն եմ, ես չեմ կարող Թուրքիայի և Ադրբեջանի մեջ սեպ լինեմ և թույլ չտամ, որ իրենք թուրանը իրականացնեն, թող իրականացնեն, թող գնան, գան, միայն մեր ինքնիշխանությունը չոտնահարվի, Իրանի հետ մեր հարաբերությունները չվատանան, չվնասենք մեր բնական դաշնակցին»,– ընդգծեց ԱԺ պատգամավորը։

Հարցին՝ վաշինգտոնյան փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանին կբերի՞ վերընտրվելու հնարավորություն, Աղազարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, դա իհարկե պլյուս է, բայց չեմ կարծում, որ կբերի։ Մենա վարչապետին քննադատում ենք, որ ինքն իրեն սպառել է քաղաքականապես, բարոյապես, սոցիալապես։ Ի՞նչ է նշանակում՝ ԲԴԽ-ի նախագահին ես եմ ասել, որ հրաժարական տա, ի՞նչ է նշանակում ասել, որ կառավարությունը ես եմ, ո՞վ կարող է իմ դեմ խոսել»։