Իլոն Մասկը շարադրել է իր հիպոթետիկ քաղաքական կուսակցության նախընտրական ռազմավարությունը. Axios

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ուրբաթ X սոցիալական ցանցում արված գրառման մեջ շարադրել է իր հիպոթետիկ քաղաքական կուսակցության նախընտրական ռազմավարությունը, գրում է Axios-ը։

«Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է, և նրա դոլարները կարող են վճռորոշ դեր խաղալ հաջորդ նոյեմբերին անցկացվելիք լարված մրցավազքում։ Մասկն օգնել է ֆինանսավորել նախագահ Թրամփի վերընտրությունը, սակայն այդ ժամանակվանից ի վեր տարաձայնություններ են ունեցել։ Վերջերս Մասկը կտրուկ քննադատել է Թրամփի ստորագրած օրենքը, որն, ըստ Tesla-ի գործադիր տնօրենի, ֆինանսապես անպատասխանատու է և վնասում է Ամերիկայի գլոբալ մրցունակությանը»,- գրում է լրատվամիջոցը։

Մասկն իր գրառման մեջ նախ հարցրել է X-ի հետևորդներին՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են «անկախություն երկկուսակցական (ոմանք կասեին՝ միակուսակցական) համակարգից» և այդպիսով կաջակցե՞ն «ամերիկյան կուսակցության» ստեղծմանը։


Այնուհետև նա հավելել է. «Դա անելու միջոցներից մեկը կլինի կենտրոնանալ ընդամենը Սենատի 2-3 տեղի և Ներկայացուցիչների պալատի 8-10 շրջանների վրա։ Հաշվի առնելով նվազագույն օրենսդրական շրջանակը, դա բավարար կլինի վիճահարույց օրենքների վերաբերյալ վճռորոշ քվեարկություն անցկացնելու համար՝ ապահովելով, որ դրանք արտացոլեն ժողովրդի իրական կամքը», -գրում է Axios-ը։

Մասկը որևէ կոնկրետ բան չի ասել, այնպես որ դա առայժմ ընդամենը փորձնական փուլ է։