Իրանի միջուկային նկրտումները կարող են հանգեցնել Եվրոպայում և Ասիայում միջուկային զենքի տարածմանը. Մակրոն

Եվրոպական առաջատար երկրները դեմ են Իրանի միջուկային զենքի մշակմանը՝ համարելով, որ դա կարող է դոմինոյի էֆեկտ հրահրել և հանգեցնել միջուկային զենքի ի հայտ գալուն մի շարք եվրոպական և ասիական երկրներում։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լայի  երկխոսություն» անվտանգության համաժողովում։

«Եվրաեռյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ցանկանում է հուսալի և հետևողական գործընկեր լինել՝ Իրանում ցանկացած տեսակի միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար։ Որովհետև դա կծառայի որպես հիմք՝ դոմինոյի էֆեկտի միջոցով այլ երկրներում տարածվելու համար», -նշել է նա։

Այս համատեքստում Մակրոնը հայտարարել է «Եվրոպայում տիրող դժվար իրավիճակի» մասին և առաջին հերթին հիշատակել է Ուկրաինան։ Ըստ Մակրոնի՝ Կիևը, հրաժարվելով միջուկային զենքից 1991 թվականին ԽՍՀՄ-ից դուրս գալիս, կարող էր մտածել դրանց վերադարձի մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունը։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրոպայի և Ասիայի որոշ պետություններ, միջուկային զենքի տարածման լույսի ներքո, կարող են մտածել արտաքին ագրեսիայի դեպքում իրենց անվտանգությունը երաշխավորելու մասին։

Պատասխանելով Ֆրանսիայի միջուկային զսպման միջոցներն ընդլայնելու՝ այլ եվրոպական երկրներին պաշտպանելու համար իր առաջարկի վերաբերյալ հարցին, Մակրոնը պարզաբանել է, որ նախընտրում է «անորոշություն» պահպանել այս հարցում։ «Այն օրը, երբ դուք լիովին բացահայտում եք սեփական ճանապարհային քարտեզը ձեր թշնամուն, նվազեցնում եք ձեր զսպման կարողությունների արդյունավետությունը», -նշել է Մակրոնը։

Միևնույն ժամանակ, նախագահը պնդում էր, որ Ֆրանսիայի միջուկային ներուժի ստեղծման պահից ի վեր դրանում «եվրոպական չափում» է ներդրվել։ «Մենք շարունակում ենք օգտագործել ընդհանուր և անորոշ մեկնաբանություններ՝ հարգելի պատճառներով։ Սակայն զուգահեռաբար քրտնաջան աշխատում ենք, և կսկսենք նոր փուլ, նոր դարաշրջան, և ես կվերադառնամ այս հարցին առաջիկա ամիսներին, հնարավոր է՝ որոշ եվրոպական երկրների հետ միասին, այլ մոտեցում մշակելու համար», -եզրափակել է  նա։