Մայիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի նախարարը Ռուբիոյին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մայիսի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, ինչպես նաև Ստամբուլում անցկացվելիք ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի համար ռուսական կողմի կոնկրետ առաջարկների նախապատրաստման մասին։
Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է Թրամփի կենտրոնացումը ուկրաինական հակամարտության արագ ավարտի վրա և հայտնել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը նպաստելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերին»։
«Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև», -ասված է հայտարարության մեջ։