Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ կհարուցի Վրաստանում ՌԴ դրոշի պղծման փաստով

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փառատոնի ժամանակ ռուսաստանյան դրոշի պղծման փաստով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Լրատվամիջոցներում հաղորդվել է, որ Վրաստանի Հանրապետությունում երգի փառատոնի ժամանակ կատարողներից մեկը պղծել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը։ ՌԴ ՔԿ նախագահը ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչության քննիչներին հանձնարարել է այս փաստով քրեական գործ հարուցել՝ մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով», — ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի տեսանյութը, որտեղ վրացի երգիչը Թբիլիսիում երաժշտական փառատոնի ժամանակ պղծել է ռուսաստանյան եռագույնը, հայտնվել է սոցցանցերում։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս իրավիճակին։