Boeing-ը կխուսափի 737 Max տիպի երկու ինքնաթիռների կործանման գործով դատավարությունից

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Boeing ընկերության հետ գործարք է կնքել, որը թույլ կտա ավիաարտադրողին խուսափել քրեական հետապնդումից՝ 737 Max երկու օդանավերի կործանումների հետ կապված խարդախության գործով, որոնց հետևանքով ավելի քան հինգ տարի առաջ 346 մարդ էր զոհվել։

Նախնական համաձայնագրի համաձայն, օդատիեզերական հսկան կվճարի ավելի քան 1,1 միլիարդ դոլար (967,5 միլիոն եվրո) և ևս 445 միլիոն դոլար (391 միլիոն եվրո) ավիավթարների զոհերի ընտանիքներին։

Փոխարենը ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնել է դադարեցնել Boeing-ի դեմ խարդախության գործը, ինչը թույլ կտա ավիաշինարարին խուսափել քրեական դատավճռից, որը կարող էր վտանգի տակ դնել նրա դաշնային կապալառուի կարգավիճակը, հայտնում է Euronews-ը։ «Մենք վստահ ենք, որ այս որոշումը գործնական տեսանկյունից ամենաարդարացին է»,- ասվում է Արդարադատության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Ոչինչ չի մեղմի զոհերի կորուստը, սակայն այս որոշումը Boeing-ի վրա ֆինանսական պատասխանատվություն է դնում, ապահովում է վերջնական արդյունք և փոխհատուցում ընտանիքների համար և ազդում է ապագա օդային ճանապարհորդների անվտանգության վրա»,- հավելել են նրանք։

Սակայն դատավճիռը հարված էր զոհերի որոշ ընտանիքների համար, որոնք կարծում են, որ դրամական տուգանքը կարող է սխալ ազդանշան հանդիսանալ ընկերությունների համար՝ իրենց արտադրանքի անվտանգության համար պատասխանատվության առումով։

Կործանված ինքնաթիռների ուղևորների հարազատների մի մասը պահանջում էր հանրային դատավարության անցկացում, ընկերության նախկին պաշտոնյաների պատասխանատվության ենթարկում և Boeing-ի համար ավելի խիստ ֆինանսական պատիժ։

«Առանց դատական հետապնդման նման գործարքն աննախադեպ է և ակնհայտորեն սխալ ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր կորպորատիվ հանցագործության համար»,- հայտարարել է Փոլ Քասելը՝ այս գործերից մեկի փաստաբանը, հավելելով, որ այն ընտանիքները, որոնց շահերը նա ներկայացնում է, կառարկեն և կփորձեն համոզել դատարանին մերժել գործարքը։

737 Max տիպի երկու նոր ինքնաթիռները կործանվել էին 2018 թվականին Ինդոնեզիայում և 2019 թվականին Եթովպիայում, ինչի հետևանքով զոհվել էր 346 մարդ այն բանից հետո, երբ տվիչների անսարք ցուցմունքները հանգեցրել էին ինքնաթիռների անկառավարելի անկմանը։