Մահացել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Վիկտոր Գերաշչենկոն

Խորհրդային և ռուս տնտեսագետ, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, ֆինանսիստ Վիկտոր Գերաշչենկոն մահացել է 88 տարեկանում, հայտնել է Պետդումայի պատգամավոր Օքսանա Դմիտրիևան Telegram-ալիքում։

«Մահացել է Վիկտոր Վլադիմիրովիչ Գերաշչենկոն։ Մեծ ֆինանսիստ, լավագույնը նրանցից, ում ես հանդիպել և ում հետ ծանոթ եմ եղել։ Նա երբեք չի հավատացել և չի հետևել այն դոգմաներին ու առասպելներին, որոնք մեզ պարտադրում էին 90-ական թվականներին», — գրել է նա։

Դմիտրիևան նշել է, որ Գերաշչենկոն ուներ տաղանդ, ինտուիցիա և փորձ, որոնք թույլ էին տալիս նրան ինքնուրույն և ճիշտ որոշումներ կայացնել։

Վիկտոր Գերաշչենկոն ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 21-ին Լենինգրադում՝ բանկիրի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը, որից հետո աշխատանքի է անցել ԽՍՀՄ Պետբանկում։ Այնուհետև աշխատել է խորհրդային Վնեշտորգբանկում, Մոսկվայի ժողովրդական բանկի Բեյրութի և Սինգապուրի մասնաճյուղերում, «Оst‑West Наndelsbank» բանկում և այլուր։ 1989-ից 1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետբանկի վարչության նախագահը։

1992-ից 1994 թվականներին Գերաշչենկոն զբաղեցրել է Ռուսաստանի Բանկի նախագահի պաշտոնը։ Այս շրջանում նա իրականացրել է բռնագրավման դրամական բարեփոխում՝ գնաճը նվազեցնելու և դրամական զանգվածի մակարդակը կրճատելու համար։ 1998 թվականին Գերաշչենկոն կրկին զբաղեցրել է ԿԲ ղեկավարի պաշտոնը, այդ պաշտոնը լքել է 2002 թվականին։

Տնտեսագետին երկու անգամ շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան և այլ պարգևներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։