Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում շենքերի սեյսմիկ դիմադրողականությունն ուժեղացնելու և քաղաքի հնարավոր ուժեղ երկրաշարժերին նախապատրաստվելու շրջանակում վերանորոգման նախագիծ իրականացնելու անհրաժեշտության մասին։
«Մեր պարտականությունն է քաղաքը հնարավորինս շուտ պատրաստել երկրաշարժի, նախքան տարերքը կթակի մեր դռները։ Դրա համար մենք պետք է միավորենք ուժերը և գործենք միասին»,- TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ ապրիլի 23-ին Ստամբուլում գրանցված 6.2 մագնիտուդով երկրաշարժը մարդկային զոհերի չի պատճառ դարձել, սակայն լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների շրջանում, թե ինչպես պատրաստել 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը ապագա երկրաշարժերին։
«13 վայրկյան տևած երկրաշարժի հետևանքով մեր 236 քաղաքացի թեթև վնասվածքներ է ստացել, նրանց թվում՝ 173-ը Ստամբուլում, հիմնականում խուճապի պատճառով։ 1903 շենք թեթև վնաս է կրել։ Եկեք աղետներին, մասնավորապես՝ երկրաշարժերին պատրաստվածությանն առնչվող հարցերը թողնենք առօրյա քաղաքականության քննարկումներից դուրս։ Ստամբուլը չի կարող իրեն թույլ տալ անփութությունն ու անտարբերությունը հանդուրժելու շռայլությւոնը, հատկապես վերանորոգման հարցում», — նշել է Էրդողանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները նախատեսում են հինգ տարվա ընթացքում վերանորոգման ծրագրի շրջանակում վերաբնակեցնել Ստամբուլի 1.5 միլիոն տների բնակիչներին։ Միաժամանակ, առաջնահերթության կարգով պետք է կառուցվեն 600 հազար երկրաշարժակայուն տներ։ Ընդհանուր առմամբ, Ստամբուլում կա մոտ 7.5 միլիոն տուն, որոնցից 6 միլիոնը՝ բնակելի։