Գերմանիայի քրեական ոստիկանության պետը զգուշացրել է. «Կոկաինի ալիք» է մտնում երկիր

Դաշնային քրեական ոստիկանության (BKA) նախագահ Հոլգեր Մյունխը զգուշացնում է Գերմանիա կոկաինի մատակարարումների կտրուկ աճի մասին։ Նրա խոսքով՝ հյուսիսամերիկյան շուկան արդեն գերհագեցված է, և այժմ թմրակարտելների ուշադրությունն ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի Եվրոպա, գրում է Bild-ը։

«Մենք տեսնում ենք կոկաինի ալիք, որն ավելի ու ավելի է տարածվում Գերմանիայում»,- հայտարարել է նա։

Լրացուցիչ անհանգստություն է առաջացնում նաև հերոինին առնչվող իրավիճակը։ «Քանի որ թալիբներն արգելեցին Աֆղանստանում ափիոնի մշակումը, շուկայում դեֆիցիտ է առաջացել: Դա սինթետիկ օփիոիդների հետ կեղծման վտանգ է ստեղծում, ինչը մի քանի անգամ մեծացնում է սպառողների համար վտանգը»,-հավելել է Մյունխը:

Ըստ 2024 թվականի հանցագործության վերջին վիճակագրության՝ հերոինին առնչվող հանցագործությունները նվազել են, մինչդեռ կոկաինին առնչվող դեպքերն աճել են 5%-ով, իսկ LSD-ի և նոր սինթետիկների դեպքերն էլ ավելի են աճել։ Միևնույն ժամանակ, Գերմանիայում կոկաինի մեկ չափաքանակի գինն, ըստ Դաշնային քրեական ոստիկանության, միջինում կազմում է 4,70 եվրո՝ սա ավելի էժան է, քան մեկ բաժակ գարեջուրը բարում:

Կանեփի օրինականացումը չի նվազեցրել քննչական մարմինների բեռը, ընդգծել է Մյունխը։

«Այն ակումբները, որոնց թույլատրվում է դրա վաճառքը, չեն կարող բավարարել պահանջարկը, իսկ օրինական 25 գրամ սահմանաչափի պատճառով փոքր առևտուրը կասեցնելը ավելի դժվարացել է»,- նշել է նա։