Իսրայելի բանակի հրամանատարը նշել է սիրիական տարածքի գրավման պատճառը

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Հյուսիսային հրամանատարության հրամանատարի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է անցկացրել Սիրիայում և գնահատել անվտանգության մակարդակը, հայտնում է The Jerusalem Post-ը։

Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Զամիրը հանդիպել է տեղում գործող հրամանատարների ու զինվորների հետ և հաստատել ընթացիկ պաշտպանական և հարձակողական գործողությունների ծրագրերը։

«Սա կենսական կարևորության վայր է: Մենք այստեղ ենք եկել, քանի որ Սիրիան փլուզվել է, և այդ պատճառով մենք առանցքային կետեր ենք պահում ու գտնվում ենք առաջնագծում, որպեսզի լավագույնս պաշտպանվենք», — ասել է Զամիրը:

Կանգնելով լեռնագագաթին տեղակայված զորքերի կողքին՝ նա ընդգծել է տարածքի ռազմավարական նշանակությունը. «Այստեղից մենք տեսնում ենք բոլոր նրանց, ովքեր գտնվում են ստորոտում․ սա ռազմավարական կետ է: Մենք չգիտենք, թե ինչպես այստեղ կզարգանան իրադարձությունները, բայց մեր հենակետն այստեղ կարևորագույն նշանակություն ունի անվտանգության համար: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները կշարունակեն գործել անվտանգության գոտում և պաշտպանել բնակիչներին ցանկացած սպառնալիքից»: