Գիտնականներն ահազանգում են. սկանդինավյան սառցադաշտերն արագընթաց կերպով հալվում են

2024 թվականը եվրոպական մայրցամաքի պատմության մեջ ամենատաք տարին էր։ Անոմալ շոգի հետևանքով սկանդինավյան սառցադաշտերը փոքրացել են միջինը 1,8 մետրով:

Շվեդիայում և Նորվեգիայում սառցադաշտերը հալվում են աննախադեպ արագությամբ։ Գիտնականները դա ուղղակիորեն կապում են կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով առաջացած գլոբալ տաքացման հետ, գրում է Euronews-ը։

Եվրոպական կլիմայի «Կոպեռնիկոսի» կլիմայի հետազոտական ծառայության տվյալներով՝ 2024 թվականը եվրոպական մայրցամաքի պատմության մեջ ամենատաք տարին էր։ Անոմալ շոգի արդյունքում սկանդինավյան սառցադաշտերը կրճատվել են միջինը 1,8 մետրով, ինչը զգալիորեն գերազանցում է պատմական նորմերը։

Փորձագետները զգուշացնում են, որ եթե ներկայիս միտումը շարունակվի, առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում սառցադաշտերի զգալի մասը կվերանա:

«Մենք պետք է հոգ տանենք այս փոքրիկ սառցե գագաթների մասին: Դրանք աներևակայելի կարևոր են մեզ՝ մարդկանց համար՝ էներգիայի, գյուղատնտեսության, ջրամատակարարման, ամեն ինչի համար: Լեռների և Ալպերի ամբողջ էկոլոգիան կախված է նրանից, թե ինչպես է այդ ջուրը մատակարարվում և օգտագործվում»,- պարզաբանում է Շվեդիայում սառցադաշտերի հետազոտող Էրիկ Հուսը:

Չնայած ձյան առատ տեղումներն այս տարի ժամանակավորապես դադարեցրել են սառցադաշտերի հալոցքը, սակայն փորձագետները կոչ են անում զգույշ լինել: Պրոֆեսոր Նինա Կիրխներն ընդգծում է, որ նման ձմեռներն անպահովության կեղծ հույս են ներշնչում:

«Ամենակարևորն այս ձյունառատ ձմեռը չընկալել որպես վտանգի ավարտի նշան: Երկարաժամկետ հեռանկարում դա նշանակություն չունի: Շվեդիայում սառցադաշտերը կշարունակեն փոքրանալ»:

Սառցադաշտերի հալումը բնական կլիմայական ցիկլի մի մասն է, սակայն այս գործընթացի բարձր արագությունը էկոհամակարգերին հնարավորություն չի տալիս հարմարվել փոփոխություններին:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ մոլորակի քաղցրահամ ջրի մոտ 70%-ը գալիս է սառցադաշտերից և ձյան ծածկույթից։ Այս ռեսուրսները կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի և ջրամատակարարման համար:

Աշխարհում կա ավելի քան 275 հազար սառցադաշտ՝ տարածված մոտ 700 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Դրանք մոտավորապես 170 հազար խորանարդ կիլոմետր սառույց են պարունակում:

Սառցադաշտերը ոչ միայն ջրի աղբյուր են, այլ նաև կլիմայի, էկոհամակարգերի և մարդու գործունեության պատմությունը պահպանող յուրահատուկ «ժամանակի պարկուճ»:

Այս բնական արխիվների կորուստն անկանխատեսելի հետևանքների է հանգեցնելու։ Սառցադաշտերի հետ մեկտեղ կանհետանան հազարավոր տարիների ընթացքում ձևավորված փխրուն էկոհամակարգերը, և դա իր հերթին կվտանգի մոլորակի կենսաբազմազանությունը:

Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդը (IPCC) նախազգուշացնում է, որ եթե ջերմոցային գազերի արտանետումները հենց հիմա կտրուկ չնվազեն, Շվեդիայի հինգ սառցադաշտերից չորսը մինչև 2100 թվականը զգալիորեն կամ ամբողջությամբ կհալվեն: