Իսպանիան ձգտում է ընդլայնել առևտրային համագործակցությունը Չինաստանի հետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ասիական շրջագայության շրջանակներում պաշտոնական այցով մեկնում է Պեկին, հայտնում է Euronews-ը։ Դա տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:

Սանչեսն առաջին եվրոպական առաջնորդն է, որն այցելում է Չինաստան այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ներմուծման մաքսատուրքեր սահմանեց աշխարհի մեծ մասի վրա:

Չորեքշաբթի օրը, երբ Սանչեսը Վիետնամում էր, Թրամփը հայտարարեց մի շարք երկրների համար 90 օրով մաքսատուրքերի դադարեցման մասին, ինչը ողջունեց Իսպանիայի վարչապետը: Սակայն Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունները Պեկինին չվերաբերեցին:

Առևտրային պատերազմը թևակոխել է նոր փուլ. Նրա այցից առաջ Սպիտակ տունը նախազգուշացրել էր Իսպանիայի կառավարությանը Չինաստանի հետ սիրախաղ չանել: ԱՄՆ-ի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ եվրոպացիների համար Պեկինին դիմելը «պարտվողական խաղադրույք» կլինի։

Մինչդեռ Իսպանիան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ԱՄՆ շուկաներից և ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ՝ երկրի նշանակալիությամբ երկրորդ տնտեսական գործընկերոջ հետ: Մադրիդը խաղադրույք է կատարում շահերի հավասարակշռության և արևելյան շուկաներում իր ներկայության ամրապնդման վրա։

Իսպանիայի և Չինաստանի միջև առևտրի ծավալները շարունակում են աճել, սակայն նկատելի անհավասարակշռությամբ Չինաստանի օգտին: Իսպանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, 2024 թվականին թագավորությունը Չինաստանից ներմուծել է 45,2 միլիարդ եվրոյի ապրանք, մինչդեռ արտահանումը կազմել է ընդամենը 7,5 միլիարդ եվրո։