Ընդդիմությունն իր իշխանության տարիներին, ըստ Կոնջորյանի, ստեղծել է պատերազմի արդյունաբերություն, և մեր հասարակությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի դեմոկլյան սուրը և արյունահանել է այդ վախը:
«Այդ իշխանության պահպանման համար երկու սյուն է եղել, մեկը պատերազմի արդյունաբերությունն է եղել, մյուսը՝ գողապետությունը, որովհետև ի՞նչ էր պետք ասել մարդկանց, պետք էր ասել, որ դուք պիտի հանդուրժեք ամեն ինչ, թե չէ, կլինի պատերազմ, և այդ վախի վրա պետք էր շարունակել սեփական իշխանության վերարտադրությունը:
Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Այն ընդդիմությունը, որը հասկանում է, որ Հայաստանը շանս ունի խաղաղության, հասկանում է, որ դրանով վերջնականապես ջախջախվելու է սեփական գոյության գաղափարաբանությունը, որ ջախջախվելու է գողապետության և պատերազմի գաղափարախոսության վրա կառուցված Հայաստանի, հայ ժողովրդի՝ 10-ամյակներով հարստահարումը և 10-ամյակներով կառափնարան տանելու քաղաքականությունը»,- ասաց նա:
Ըստ Հայկ Կոնջորյանի՝ այս հայեցակարգը տեղափոխվել է նաև ՏԻՄ ընտրությունների համատեքստ:
«Այսօր տեսնում ենք, որ Գյումրիում որոշ ուժեր, որոնք գողապետության կարկառուն ներկայացուցիչներ են, ձեռք ձեռքի տված այն ուժերի հետ, որոնք մատչում են խաղաղության հնարավորության և խաղաղության օրակարգի դեմ, փորձում են Գյումրին դարձնել ցատկահարթակ Հայաստանում խաղաղության օրակարգը տորպեդահարելու, Հայաստանը վերջնականապես և մշտապես պատերազմի արդյունաբերության ճիրաններում պահելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: