Վենեսուելային ԱՄՆ հասցրած հարվածներընարգելված են միջազգային իրավունքով, սակայն վերլուծաբանները կարծում են, որ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր քրեական դատավարությունը ԱՄՆ-ում դեռեւս կարող է տեղի ունենալ, հաղորդել է NBC News-ը։
«Միջազգային իրավունքն արգելում է ուժի կիրառումը որպես ազգային քաղաքականության միջոց»,- ասել է Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնի միջազգային իրավունքի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Մարկ Ուելերը։
Նա նշել է, որ ուժը «կիրառվում է միայն զինված հարձակմանն ի պատասխան կամ, հնարավոր է, ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ գտնվող բնակչությանը փրկելու համար»։
«Ակնհայտ է, որ Վենեսուելայի դեմ զինված գործողությունը չի բավարարում այս պահանջներից ոչ մեկը»,- նշել է փորձագետը։
Ուելերն ավելացրել է, որ ԱՄՆ շահագրգռվածությունը թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զսպելու հարցում կամ այն պնդումները, որ Մադուրոյի կառավարությունը, ըստ էության, հանցավոր է, իրավական հիմնավորում չունեն։ Նա նաեւ նշել է, որ Մադուրոյի դատավարությունը կարող է շարունակվել՝ հղում կատարելով 1989թ․ ԱՄՆ-ի կողմից Պանամա ներխուժման եւ նրա նախագահ Մանուել Նորիեգայի գերեվարման նախադեպին, որը Մայամի էր բերվել թմրանյութերի մեղադրանքով դատվելու համար։
«ԱՄՆ դատարանները հետեւում են այսպես կոչված Քեր-Ֆրիսբիի դոկտրինին»,- ասել է Ուելերը։ «Այս վիճահարույց դոկտրինի համաձայն՝ կարեւոր չէ, թե ինչպես է կասկածյալը բերվում ԱՄՆ դատարան։
Դատավարությունը կարող է շարունակվել, նույնիսկ եթե այն տեղի է ունեցել անօրինական զինված միջամտության կամ առեւանգման արդյունքում, եթե կասկածյալը դատավարության ընթացքում չի ենթարկվել դաժան խոշտանգումների»։