Բռնությունից հետո ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչը դիմել է լրագրողներին և միջազգային իրավապաշտպաններին

Ֆիզիկական բռնության և հետապնդումների ենթարկվելուց հետո ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչ Ս. Դավթյանը փորձել է օգնություն ստանալ պետական մարմիններից, սակայն նրա խոսքով՝ ոչ հիվանդանոցում, ոչ ոստիկանությունում իրեն պաշտպանություն չի տրամադրվել։ Ս. Դավթյանը հայտնել է, որ բռնությունից հետո շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով։ Նրա խոսքով՝ բժշկական անձնակազմը հրաժարվել է համապատասխան օգնություն ցուցաբերել այն բանից հետո, երբ նա նշել է, որ հարձակումը կապված է իր սեռական կողմնորոշման հետ։ Օրեր անց, ոստիկանական բաժին բողոք ներկայացնելու նպատակով, նա դիմել է ոստիկանություն, սակայն, ըստ նրա, այնտեղ ենթարկվել է նվաստացնող վերաբերմունքի և ֆիզիկական բռնության, ինչից հետո ստիպված է եղել լքել բաժինը՝ սպառնալիքների ներքո։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ Ս. Դավթյանի պատմությունը մեկուսացված դեպք չէ։ Նրանց խոսքով՝ վերջին տարիներին արձանագրվել են այլ ԼԳԲՏՔ անձանց պատմություններ, երբ բռնության կամ սպառնալիքների ենթարկվելուց հետո նրանք չեն ստացել պատշաճ արձագանք պետական մարմիններից։ Մասնավորապես, իրավապաշտպանների տվյալներով՝ -մեկ այլ տրանսգենդեր անձ 2024 թվականի սեպտեմբեր ամսին սեփական բնակարանում ենթարկվել է դաժան ծեծի, սակայն գործով մեղադրյալը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, -ԼԳԲՏՔ համայնքի մի քանի ներկայացուցիչներ հայտնել են, որ ոստիկանություն դիմելուց հետո հանդիպել են անտարբերության կամ ծաղրական վերաբերմունքի, -կան դեպքեր, երբ տուժողները, վախենալով հետագա ճնշումներից, ընդհանրապես հրաժարվել են բողոք ներկայացնելուց։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ նման պատմությունները վկայում են, որ Հայաստանում ԼԳԲՏՔ անձինք հաճախ զրկված են արդյունավետ պաշտպանությունից, իսկ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով բռնության դեպքերը մնում են անպատիժ կամ չեն ստանում պատշաճ իրավական գնահատական։