«Շիրակն» ապահովեց իր տեղը եվրոգավաթներում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 26-րդ տուրի խաղերը: Նախօրեին Կապանի «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց Երեւանի «Արարատին», ընդ որում բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Այսօր կայացած խաղերում «Ալաշկերտն» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ «Փյունիկը» 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այդպիսով, առաջնության ավարտից չորս տուր առաջ մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Շիրակը», որն առաջինը ապահովեց իր տեղը եվրոգավաթների առաջիկա մրցաշարերում, քանի որ 5-րդ տեղում գտնվող «Փյունիկն» արդեն հետ է մնում 13 միավորով եւ չի կարող շրջանցել նրան: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտն» առայժմ ունի 42 միավոր: Առաջատարներին հաջորդում են «Բանանցը»՝ 39 միավոր, «Գանձասար-Կապանը»՝ 38: Աղյուսակը եզրափակում է «Արարատը»՝ 17 միավոր: