Մանուկյանն ու Ալեքսանյանը կմրցեն Եվրոպայի չեմպիոնության համար

Հայաստանի հունահռոմեական ոճի երկու ըմբիշները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի աշխարհամասի առաջնությունում կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը: Մեր 82 կգ քաշային կարգային Մաքսիմ Մանուկյանը եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթեցին համապատասխանաբար Լասլո Սաբոյին ու Մատի Կուսմանենին եւ մտան եզրափակիչ: Այդ քաշային կարգերում վճռորոշ մարտերը տեղի կունենան վաղը: Մաքսիմ Մանուկյանը կմրցի բելառուսցի Վիկտոր Սասունովսկու հետ, իսկ Արթուր Ալեքսանյանը ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ:   Իսկ ահա 67 կգ քաշային կարգային Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Սփոփման առաջին մարտում նա կհանդիպի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ: Հաղթելու դեպքում մեր ըմբիշը բրոնզե մեդալն անմիջականորեն կվիճարկի լեհ Դավիդ Կարեչինսկու հետ մրցամարտում: