Գերմանիան ծրագրում է աստիճանաբար կենսաթոշակային տարիքը բարձրացնել մինչև մոտ 70 տարեկան՝ մինչև 2090-ականների սկիզբը։ Դա նախատեսվում է փորձագիտական հանձնաժողովի հանձնարարականների շրջանակում, որոնց աջակցում է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ իբրև բնակչության ծերացման ֆոնին կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ կայունությանն ուղղված միջոցառում, գրում է The Guardian-ը։
Երեքշաբթի ներկայացնելով եզրակացությունները՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մշակման համար ստեղծված հանձնաժողովը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը պետք է կապվի կյանքի տևողության աճի հետ, իսկ կենսաթոշակի անցնելու վաղաժամկետ հնարավորությունը պետք է չեղարկվի։
Մերցը, մեկնաբանելով առաջարկները, հայտարարել է․ «Ոչ մի քաղաքացի կարիք չունի անհանգստանալու»՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները պետք է կանխեն կենսաթոշակային համակարգի փլուզումը և ամրապնդեն սերունդների միջև հասարակական պայմանագիրը։ Ըստ նրա՝ դրանք երիտասարդներին «լավատեսության հիմք» կտան և «կթեթևացնեն նրանց ուսերին եղած հսկայական բեռը»։
Հանձնաժողովը, որը հունվարից աշխատում էր 33 կետից բաղկացած ծրագրի շուրջ, առաջարկել է նաև աշխատողների և գործատուների պարտադիր կենսաթոշակային վճարներն ուղղել ֆոնդային շուկայում ներդրումներին՝ ապագա սերունդների միջոցները մեծացնելու և պաշտպանելու համար։ Բացի դրանից, այն հանձնարարել է ընդլայնել պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգը՝ դրանում ներառելով նաև պետական ծառայողներին և ինքնազբաղվածներին։
Ըստ գործող կանոնների՝ Գերմանիայում կենսաթոշակային տարիքը նրանց համար, որոնք թոշակի կանցնեն 2030-ականների սկզբին, կազմում է 67 տարեկան։ Փորձագետներն առաջարկել են այն աստիճանաբար բարձրացնել կյանքի տևողության աճին համապատասխան՝ մինչև մոտ 70 տարեկան՝ 2090-ականների սկզբին։
Իշխանությունները բարեփոխումների անհրաժեշտությունը բացատրում են բնակչության արագ ծերացմամբ․ ավելի ու ավելի քիչ աշխատողներ են ֆինանսավորում ավելի ու ավելի մեծ թվով կենսաթոշակառուների թոշակները, որոնք ապրում են ավելի երկար։ Կառավարությունն ակնկալում է բարեփոխումներն ընդունել մինչև խորհրդարանական ամառային արձակուրդը, սակայն դրանք դեռ պետք է քննարկի և հաստատի խորհրդարանը։ Մերցն ընդգծել է արագ ներդրման անհրաժեշտությունը՝ հայտարարելով․ «Ձախողումը տարբերակ չէ»։
Քննադատները, ներառյալ արհմիությունների և կոալիցիայի ձախ թևի ներկայացուցիչները, մտահոգություն են հայտնում 45 տարվա ստաժից հետո առանց վճարների նվազեցման վաղաժամկետ թոշակի անցնելու իրավունքը չեղարկելու առաջարկի վերաբերյալ՝ նշելով, որ դա կարող է հարվածել ֆիզիկապես ծանր և ցածր վարձատրվող մասնագիտությունների աշխատողներին։
Մերցն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը չպետք է «խրվի մանրուքների մեջ»՝ ընդգծելով, որ բարեփոխումները համալիր փաթեթ են, որը պետք է դիտարկվի ամբողջությամբ։

