Իշխանությունները դեռևս 2018 թվականին խոստացել էին հրաժարական տալ, եթե չկարողանան ապահովել տարեկան միջին տնտեսական աճ 7%-ի չափով։ Այս մասին թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Երբ Նիկոլ Փաշինյանը մեջբերում է 2021-2025 թվականների թվերը, նա մանիպուլյացիաներ է անում։ Թող օգտագործի 2018 թվականի վիճակագրությունը։ Այդ դեպքում տարեկան միջին աճը կկազմի 5,3%։

Երբ նա խոսում է բյուջեի եկամուտների ավելացման մասին, ինչո՞ւ գնաճը հաշվի չի առնում։ Ութ տարվա ընթացքում այն ​​կազմել է 39%։ Ես Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, որպեսզի ապացուցեմ, որ 2017 թվականի բյուջեն եկամուտների և ծախսերի առումով ավելի բարձր էր, քան 2025 թվականին։ Եթե նա չի ուզում, ուրեմն թող ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցի բանավեճին»,- նշել է Բագրատյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը չի գա բանավեճերի, քանի որ չի կարողանա պատասխանել իր հարցերին։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանն ամեն տարի «ՔՊ» կուսակցության անդամներին մոտավորապես 100 միլիարդ դրամի չափով պարգևավճարներ է դուրս գրում։

«Նա հիփոթեքային վարկերի տոկոսների մարման ծրագրի շրջանակում 70-80 միլիարդ դրամ էլ հատկացնում է շինարարական ընկերություններին, և որայդ գումարը նստում է իր մարդկանց հաշիվներին»,- հավելել է Բագրատյանը։

Ըստ նրա՝ թոշակառուներն այժմ ավելի վատ են ապրում, քան 2017 թվականին։ «Ինչ վերաբերում է որոշ շահառուների կենսաթոշակների բարձրացմանը, ապա այդ աճը տարեվերջին կփոխհատուցվի գնաճով։ Ավելին, իշխանությունները առաջիկա հինգ տարիների ընթացքում կենսաթոշակները չեն բարձրացնի։ Ընդ որում, հենց իրենք են այդ ընթացքում 25% գնաճ կանխատեսում»,- եզրափակել է ՀՀ նախկին վարչապետը։