Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ քաղաքացիներին հասցեագրված իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2-3 շաբաթվա ընթացքում կարող է ազդարարել ռազմական գործողության ավարտի մասին: Դրա մասին հայտնել է ABC News-ի թղթակից Սելինա Ուոնգը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Նրա տեղեկություններով՝ Թրամփը Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ թարմացված տվյալներ կներկայացնի, կնախանշի դրա ավարտի 2-3 շաբաթվա ժամկետը և կհայտնի իր դիրքորոշումը, ըստ որի՝ ԱՄՆ զինված ուժերը «կատարում են գործողությունից առաջ դրված բոլոր խնդիրները»:
ABC News-ի աղբյուրներն այդ խնդիրները նշում են որպես Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից զրկելը, Իրանի բալիստիկ հրթիռների և դրանց արտադրության օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև իրանական նավատորմի ոչնչացումը: Ավելին, ամերիկյան զինված ուժերի առջև ծառացած խնդիրներից մեկն այն է, որ իրանական պրոքսի ուժերը «տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու հնարավորություն չունենան», նշում է հեռուստաալիքի թղթակիցը:
Ուոնգն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը չի ներառվում այն խնդիրների շարքում, որոնք ԱՄՆ նախագահը կհիշատակի համաքաղաքացիներին հասցեագրված իր ուղերձում։
ԱՄՆ նախագահն իր ուղերձը համաքաղաքացիներին կհղի Արևելյան ժամանակով 21:00-ին։ Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի՝ Թրամփը «Իրանի վերաբերյալ նորացված կարևոր տեղեկություն կհնչեցնի»։

