Վենեսուելային ԱՄՆ հասցրած հարվածներընարգելված են միջազգային իրավունքով, սակայն վերլուծաբանները կարծում են, որ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր քրեական դատավարությունը ԱՄՆ-ում դեռեւս կարող է տեղի ունենալ, հաղորդել է NBC News-ը։

«Միջազգային իրավունքն արգելում է ուժի կիրառումը որպես ազգային քաղաքականության միջոց»,- ասել է Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնի միջազգային իրավունքի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Մարկ Ուելերը։

Նա նշել է, որ ուժը «կիրառվում է միայն զինված հարձակմանն ի պատասխան կամ, հնարավոր է, ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ գտնվող բնակչությանը փրկելու համար»։

«Ակնհայտ է, որ Վենեսուելայի դեմ զինված գործողությունը չի բավարարում այս պահանջներից ոչ մեկը»,- նշել է փորձագետը։

Ուելերն ավելացրել է, որ ԱՄՆ շահագրգռվածությունը թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զսպելու հարցում կամ այն ​​պնդումները, որ Մադուրոյի կառավարությունը, ըստ էության, հանցավոր է, իրավական հիմնավորում չունեն։ Նա նաեւ նշել է, որ Մադուրոյի դատավարությունը կարող է շարունակվել՝ հղում կատարելով 1989թ․ ԱՄՆ-ի կողմից Պանամա ներխուժման եւ նրա նախագահ Մանուել Նորիեգայի գերեվարման նախադեպին, որը Մայամի էր բերվել թմրանյութերի մեղադրանքով դատվելու համար։

«ԱՄՆ դատարանները հետեւում են այսպես կոչված Քեր-Ֆրիսբիի դոկտրինին»,- ասել է Ուելերը։ «Այս վիճահարույց դոկտրինի համաձայն՝ կարեւոր չէ, թե ինչպես է կասկածյալը բերվում ԱՄՆ դատարան։

Դատավարությունը կարող է շարունակվել, նույնիսկ եթե այն տեղի է ունեցել անօրինական զինված միջամտության կամ առեւանգման արդյունքում, եթե կասկածյալը դատավարության ընթացքում չի ենթարկվել դաժան խոշտանգումների»։