Գրող, հրապարակախոս և սատիրիկ Տիգրան Կույումջյանը, որը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում իր հակաիշխանական ու հակապատերազմական հռետորաբանության համար, դարձել է թիրախ երկու երկրների իշխանությունների կողմից։ Կույումջյանը այս տարի ամռանը հայտնեց, որ տեղափոխվում է ընտանիքի հետ Հայաստան, քանի որ Ռուսաստանում իրենց համար բնակությունը մահացու սպառնալիք է դարձել՝ պուտինյան դիկտատուրայի պայմաններում։ Գրողը , ինչպես և սպասվում էր , իր սուր խոսքով ու լայն մասսաների շրջանում իր հեղինակավոր ու ազդեցիկ խոսքն ունենալու համար ենթարկվել է կոշտ ճնշումների ու հետապնդման։ Բայց հայրենիքում էլ բանաստեղծին իշխանությունները գրկաբաց չեն ընդունել։ Նրա կտրուկ խոսքն ու սուր միտքը անդրադարձել է նաև հայաստանյան իշխանությունների ապաշնորհ ղեկավարմանը։ Սոցցանցերում ու փոքրաքանակ տպագրությունով վերջերս լույս տեսած նրա ընտրանին իսկական քաղաքական պայթյուն է առաջացրել, ինչը անշուշտ չի վրիպել Փաշինյանի ու նրա մերձավորների ուշադրությունից։ Հիշեցնենք, որ
օգոստոսի 7-ին ուշ երեկոյան, անհայտ անձինք կրակ էին բացել ն հայտնի սատիրիկի մեքենայի վրա, որտեղ գտնվում էին նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը և երեխաները, տարեց զոքանչը։Դրա հետևանքով Տիգրան Կույումջյանի ընտանիքի անդամները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Կույումջյանը շարունակում է ստեղծագործել ու բարձրաձայնելով իր յուրօրինակ , համարձակ ու սուր խոսքով գնահատական տալ ներկա իրականությանը, բայց արդեն միացյալ Նահանգներից։ Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել Տիգրան Կույումջյանի հետ, ով թե Ռուսաստանում և թե Հայաստանում հետապնդումներից, հալածանքից ու բռնությունից իր կյանքը փրկելու, ինչպես նաև ընտանիքին պաշտպանելու համար ապաստանել է Միացյալ Նահանգներում և ակնկալում էինք տեղեկություն ստանալ, թե ինչ փուլում է հետաքննությունը և արդյոք հայտնի է, թե ովքեր էին կանգնած եղել այդ մահափորձի հետևում։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ ու հույս էլ չունեմ, որ այդ դեպքը կբացահայտվի։ Հիմա ,երբ Ամերիկայում եմ և ինձ ապահով եմ զգում, չեմ անհանգստանում ընտանիքիս անդամների կյանքի համար, կարող եմ հստահաբար ու շատ
պարզ հայտարարել,որ այդ հարձակումը ուղիղ կապ ունի իմ արվեստի , կոշտ որակումներ ու իմ քաղաքական հայացքների հետ, որը դամոկլյան սրի պես կախվել է Փաշինյանի կառավարության գլխին ու հանգիստ չի տալիս նրանց»։ Կույումջյանի խոսքով, նրա նկատմամբ հետապնդումները չեն դադարի մինչև չստիպեն լռել ու դադարեցնել հասարակական գիտակցության վրա ազդեցությունը։ Բանաստեղծը տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունների միջամտությամբ Ռուսաստանի իշխանությունները պարզել են իրենց գտնվելու վայրը և Ռուսաստանի դեսպանատնից արդեն ծանուցում էին ստացել՝
ներկայանալու։ «Ես հասկացա, որ հաջորդ քայլը լինելու էր էքստրադիցիան, որին հայաստանյան իշխանությունները մեծ հաճույքով կհամաձայնեին և առանց մի վայրկյան վարանելու մեզ կարտահանձնեին Ռուսաստան»,-ասում է Կույումջյանը։ Մենք հարցում ուղարկեցինք նախաքննական մարմին՝ տեղեկություններ ստանալու համար գրողի նկատմամբ մահափորձի դեպքի հետ կապված։ Օրերս պատասխան ստացանք Քննչական կոմիտեից, որ այդ գործը փակված է ապացույցների անբավարարության հիմքով։ Փոխարենը տեղեկացանք, որ Տիգրան Կույումջյանի նկատմամբ ներկայումս հարուցված է քրեական գործ և նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար։
Հեղինակ - Էդուարդ Աղաջանյան

