Հնդկաստանում հարյուրավոր ուղևորներով Boeing 787-ի կործանման պատճառ կարող էր դառնալ զուգարանից ջրի արտահոսքը, որը, փորձագետների վարկածով, կարճ միացում է առաջացրել լարերի մեջ, ինչն իր հերթին հանգեցրել է շարժիչների անջատման: Վարկածի մասին հայտնել է Mirror պարբերականը:

Ամերիկացի փաստաբան Մայք Էնդրյուսը, որը ներկայացնում է ավելի քան 90 տուժածների շահերը, հայտարարել է, որ ինքնաթիռի հրամանատար Սումիտ Սաբհարվալը և երկրորդ օդաչու Քլայվ Կունդերը, որոնք իրականացրել են արտակարգ վայրէջքը, ներգրավված չեն եղել աղետում: Ըստ նրա՝ չորս աղբյուրներ հայտնել են Boeing 787-ի հետ կապված «տեխնիկական և ինժեներական» խնդիրների մասին, և քննարկվում է ինքնաթիռ արտադրող ընկերության դեմ բազմամիլիոն դոլարանոց դատական ​​​​հայց ներկայացնելու հնարավորությունը:

Նշվում է, որ ողբերգությունից ընդամենը մեկ ամիս առաջ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հրահանգ էր տվել, որով զգուշացնում էր Boeing-787 էլեկտրոնիկայի մեջ ջրի ներթափանցման մասին և պարտավորեցնում էր ստուգել խոնավությունից պաշտպանող համակարգերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air India ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունիսի 12-ին Հնդկաստանում՝ շարժիչներին վառելիքի մատակարարումն անջատվելուց կարճ ժամանակ անց: Ավիավթարից հետո երկրի իշխանությունները դադարեցրել են Boeing Dreamliner 787-8 բոլոր ինքնաթիռների թռիչքները։