Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն չորեքշաբթի ստորագրել է օրենք, որը ներում է շնորհում 1980-2000 թվականներին ձախակողմյան ապստամբների դեմ երկրի դաժան պայքարի ընթացքում մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող զինվորականներին և ոստիկաններին, հաղորդում է Reuters-ը։

Հուլիսին Կոնգրեսի հաստատած օրենքը հրապարակվել է Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի խնդրանքին հակառակ, որը կոչ էր անում Պերուի կառավարությանը չընդունել օրինագիծը, որպեսզի «զոհերը կարողանան արդարադատութան հասնել»։ Նա միաժամանակ դատարաններին խնդրել էր չկիրառել օրենքը։

«Այս ներման մասին օրենքի ընդունմամբ Պերուի կառավարությունը և Կոնգրեսը ճանաչում են զինվորականների, ոստիկանության և ինքնապաշտպանության խմբերի զոհաբերությունը ահաբեկչության դեմ պայքարում,- իր ելույթում ասել է Բոլուարտեն։ -Մենք նրանց վերականգնում ենք այն արժանապատվությունը, որը երբեք չպետք է կասկածի տակ դրվեր»։

Ըստ երկրի մարդու իրավունքների ազգային համակարգողի՝ ներումը փաստացի կկասեցնի կամ կչեղարկի ավելի քան 600 անավարտ դատավարություններ և 156 դատավճիռներ անվտանգության ուժերի դեմ՝ ապստամբական խմբավորումների, մասնավորապես՝ «Ճառագող ուղու» հետ բախումների ժամանակ կատարված չարաշահումների համար։

Հակամարտության հետևանքով զոհվել և անհետ կորել է մոտ 69 հազար մարդ։ Աջակողմյան «Ժողովրդական ուժ» կուսակցության օրենսդիրները, որոնք աջակցել են միջոցառմանը, պնդում էին, որ օրենքն անհրաժեշտ է ավելի քան երկու տասնամյակ առանց դատավճռի ձգձգված հարյուրավոր դատավարությունները ավարտելու համար։ Կուսակցությունը հիմնադրվել է նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորիի, որը մահացել է անցյալ տարվա սեպտեմբերին։

Ֆուհիմորին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ իր նախագահության ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների համար, նախքան 2023 թվականին ներում ստանալը։ Օրենքը հրապարակվել է այն ժամանակ, երբ Բոլուարտեն 2022 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց ի վեր բախվում է ցուցարարների մահվան դեպքերի հետաքննության, իսկ նրա հանրային վարկանիշը նվազել է պատմականորեն ամենացածր մակարդակի։