Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Օվալաձև աշխատասենյակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր երկրում սպանված մարդկանց մեծ մասը սևամորթներ են, այլ ոչ թե սպիտակամորթներ, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է NBC News-ը։
«Մեր երկրում հանցավություն է տիրում, -Թրամփին ասել է Ռամաֆոսան։ — Դժբախտաբար, ոչ միայն սպիտակամորթներն են մահանում հանցավոր գործունեության հետևանքով։ Նրանց մեծ մասը սևամորթ է»։
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայում սպանված ագարակատերերը «սևամորթներ չեն»։
«Մարդիկ, որոնք մեծ թվով սպանվում են, և դուք տեսաք այս բոլոր թաղումները… նրանք մահացել են բռնի մահով», -ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Օվալաձև աշխատասենյակում ցուցադրված տեսանյութերը, որոնք, ըստ նրա, վկայում են սպիտակամորթ ագարակատերերի նկատմամբ բռնության աջակցությունը։
Օվալաձև աշխատասենյակում հանդիպմանը ներկա Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակության մյուս անդամները, ի վերջո, միացան Ռամաֆոսայի հայտարարությանը և աջակցեցին՝ հայտարարելով, որ խմբակային բռնությունը խնդրի մի մասն է։
Անցյալ շաբաթ ԱՄՆ էր ժամանել 59 սպիտակամորթ հարավաֆրիկացիների (afrikaner-ները՝ Հարավային Աֆրիկայում բնակվող եվրոպական հոլանդական, գերմանական և ֆրանսիական ծագում ունեցող գաղութարարների ժառանգներ -խմբ.) տեղափոխող ինքնաթիռ, որոնց նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմy փախստականի կարգավիճակ էր շնորհել։
Նրանք դարձել են Թրամփի վարչակազմից փախստականի կարգավիճակ ստացած առաջին մարդիկ, և ինչպես սպասվում է, կդառնան Միացյալ Նահանգներ ժամանած վերջին afrikaner-ները։
Թրամփի վարչակազմը որոշել է ոչ միայն ընդունել, այլև արագացնել նրանց փախստականի կարգավիճակով ընդունելությունը՝ ենթադրյալ խտրականության պատճառով։ Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմը կասեցրել է մյուս բոլոր փախստականների, դրանց թվում՝ պատերազմից և սովից փախչող մարդկանց վերաբնակեցումը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն հայտարարել է, որ աֆրիկանցիները «ենթարկվել են շատ լուրջ, աղաղակող և թիրախային սպառնալիքների» և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը մեղադրել է հանցավոր անգործության համար։

