Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն կիրակի օրն ընտրվել է աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության նոր առաջնորդ, ինչը բարձրացրել է նրա հնարավորությունները 2027 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնց, ինչպես շատերն են կարծում, նա կառաջադրվի, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայում ներկուսակցական ընտրություններում հավաքելով ձայների 74%-ից մի փոքր ավելին՝ Ռետայոն վստահորեն առաջ է անցել Լորան Վոքիեից, որը գլխավորում է կուսակցությունը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում։
Այն պահից, երբ անցյալ տարի Ռետայոն դարձավ ներքին գործերի նախարար, նա ձգտում էր պայքարել ներգաղթի և թմրանյութերի հետ կապված հանցավորության դեմ, սակայն նրան չի հաջողվել զգալի արդյունքների հասնել այդ երկու ուղղություններից և ոչ մեկում։
Մարին Լը Պենի «Ազգային միավորում» շարժման ժողովրդականության աճը նպաստել է ֆրանսիական քաղաքականության մեջ դեպի աջ տեղաշարժին, իսկ Ռետայոյի՝ լայն հնչեղություն ստացած գործունեությունը և նրա պահպանողական հայացքները կարող են նրան կենսունակ թեկնածու դարձնել 2027 թվականի ընտրություններում։
Ժամանակին լինելով ֆրանսիական քաղաքականության անկյունաքարը, ստեղծված նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից՝ որպես իր գործընկեր, նախկին նախագահ Ժակ Շիրակի կուսակցության շարունակություն, «Հանրապետականներ» կուսակցությունն այժմ թույլ ուժ է ներկայացնում՝ խորհրդարանում ունենալով ընդամենը 48 տեղ։

