Լեհաստանում այսօր՝ մայիսի 18-ին, տեղի են ունեցել նախագահական ընտրություններ. առաջատար է երկու թեկնածու, հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Ipsos-ի էքզիթ-փոլի տվյալներին, որը պատրաստվել է TVP-ի, TVN-ի և Polsat-ի համար։
Էքզիթ-փոլերի համաձայն, առաջին տեղը զբաղեցրել է Ռաֆալ Տշասկովսկին՝ Վարշավայի քաղաքապետը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության թեկնածուն։ Տշասկովսկին ընտրարշավի սկզբից համարվում էր մրցապայքարի ֆավորիտը, սակայն նրա արդյունքը կարող է սպասվածից ցածր լինել՝ ընդամենը 30,8%։
Երկրորդ փուլ է անցնում Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Կարոլ Նավրոցկին։ Էքզիթ-փոլերի տվյալներով, նրա օգտին քվեարկել է ընտրողների 29,1%-ը, և սա էականորեն բարձր է նախորդ սոցիոլոգիական հարցումներից։ Նավրոցկին պաշտոնապես համարվում է անկախ թեկնածու, բայց նրան ակտիվորեն սատարում է խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը։
Երրորդ տեղում ծայրահեղ աջ «Կոնֆեդերացիա» կուսակցության թեկնածու Սլավոմիր Մենցենն է։ Նրա արդյունքը՝ 15,4%, նույնպես սպասվածից բարձր է։ Համարվում է, որ այս ձայները կարող են որոշիչ լինել երկրորդ փուլում։
Անսպասելիորեն չորրորդ տեղում է բացահայտ հակաուկրաինական քաղաքական գործիչ Գժեգոժ Բրաունը։ Էքզիթ-փոլի տվյալներով, նրա օգտին քվեարկել է 6,2%-ը։
Նաև էական աջակցություն են ստացել Սեյմի մարշալեկ (խոսնակ) Շիմոն Հոլովնյան (4,89%), ինչպես նաև ձախ կուսակցությունների երկու թեկնածուները՝ Ադրիան Զանդբերգը (5,2%) և Մագդալենա Բեյաթը (4,1%)։
Այս տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ երկրորդ փուլի արդյունքը կարող է լինել բացարձակապես անկանխատեսելի։

