Ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը վաճառվել է Սանկտ Պետերբուրգում կայացած աճուրդում 1,1 միլիոն ռուբլով, մեկնարկային գինը եղել է 100 հազար ռուբլի, հաղորդում է РИА Новости-ն։

Ժիրինովսկու խորհրդային նմուշի անձնագիրը՝ իր ստորագրությամբ և վիզաներով, դրվել է աճուրդի, որը մեկնարկել է կիրակի օրը՝ ժամը 19:00-ին։ «Օգտագործման հետքերով» փաստաթուղթը լավ վիճակում է։ Ըստ անձնագրի հրապարակված լուսանկարի, այն տրվել է 1992 թվականի հոկտեմբերի 19-ին և ուժի մեջ է մինչև 1997 թվականի հոկտեմբերի 19-ը։

Ռուսաստանցի քաղաքական գործիչ և արևելագետ, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության հիմնադիր և առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է 2022 թվականի ապրիլի 6-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։