Երեկ՝ հուլիս 1-ին, հայկական կողմը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ անել, ինչը ՀՀ ԶՈւ-ն թույլ չի տվել։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի՝ հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Razm.info–ի ձեռքի տակ եղած արբանյակային լուսանկարները մասամբ հաստատում են այս տեղեկությունը։ Փոխհրաձգության ընթացքում թեթև վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Վահագն Սամվելի Բաղդասարյանը: Shamshyan.com կայքի հաղորդմամբ էլ հուլիսի 1-ին Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, իսկ հակառակորդը կրակել է հրդեհաշիջման աշխատանքները կատարող զինծառայողների և քաղաքացիականների ուղղությամբ։ Հուլիսի 1-ին արված արբանյակային լուսանկարները հաստատում են, որ շփման գծի այդ հատվածում հրդեհներ են եղել, ընդ որում մեկը հենց ադրբեջանական նոր դիրքի մոտ: Մեզ հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական հենակետը հայկական կողմն ավիրել է հունիսի 30-ին, այն ամբողջությամբ այրվել է։