Ազատություն Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, «Ազատություն» ռադիոկայանն այսօր Պրահայում հարգանքի տուրք է մատուցել օրերս Աֆղանստանում զոհված գործընկերների հիշատակին: Ապրիլի 30-ին Քաբուլում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով 10 լրագրող էր զոհվել, նրանցից երեքը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության աշխատակիցներ էին՝ 26-ամյա Աբդուլահ Հանանզային, 30-ամյա Սաբավուն Կակարը և 28-ամյա ուսանողուհի, ստաժոր Մահարամ Դուրանին : «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմ Քենթն իր ելույթում ասել է՝ լրագրողները երբեմն զոհվում են հանկարծակի պատահարից կամ փոխհրաձգության տակ են ընկնում, կամ ինչ-որ այլ միջադեպի հետևանքով են զոհվում, «բայց սա տարբեր էր, սա սպանություն էր, դիտավորյալ սպանություն՝ ուղղված հատուկ լրագրողների դեմ»,- նշել է Թոմ Քենթը: Լրագրողական, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները ևս իրենց այսօրվա հայտարարություններում ու հաղորդագրություններում հիշատակում են անցած երկուշաբթի Քաբուլում լրագրողների դեմ իրականացված հարձակումը: