«Մայր Հայաստանը», որը վերջին երեք տարիներին դրական արդյունքներով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, որոշել է մի կողմ դնել կուսակցական նեղ շահերը և միանալ, հարստացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը  և խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

«Մենք ժողովրդին ներկայանում ենք 10 առաջարկով, որոնց մի մասը հիմա կհնչեցնեմ։ Նախ երաշխավորված խաղաղության և անվտանգության մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ժամանակավոր շոու հրադադար է և թող մեր ժողովրդին չխաբեն, որ արդեն խաղաղություն են հաստատել։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մի իրավիճակ, որի երաշխավորը, ինչպես վերջերս ՔՊ-ականներից մեկը ասաց, Իլհամ Ալիևն է։

Երաշխավորված և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել սեփական ուժերին, ունենալ փոխվստահելի դաշնակիցներ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն, չի կարելի Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական մանրադրամի ու մեր երկիրը դարձնել բախումների թատերաբեմ։

2008-ի Վրաստանը, այսօրվա Ուկրաինան այն օրինակներն են, որոնցից մենք պետք է դասեր քաղենք։ Մի՞թե Արցախի կորուստը մեզ դաս չեղավ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկացել է։

Մենք վերականգնելու ենք հայոց բանակը՝ այն դնելով պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Մենք վերականգնելու ենք նաև մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։

Օրվա իշխանությունների վարած արկածախնդրային անխոհեմ ու բացառապես սեփական նեղ շահերի վրա հիմնված քաղաքականության արդյունքում, մենք հիմա կանգնած ենք Ռուսաստանի հետ առնվազն տնտեսական պատերազմի նախաշեմին։ Դրա հետևանքով կարող են փակվել ավիափոխադրումները, ավելի քան երեք անգամ կթանկանա գազը, գյուղացին կկանգնի մթերքի իրացման խնդրի առաջ, կզրոյացվի դեպի Ռուսաստանի դաշնություն արտահանումը, արտադրողներն ու գյուղացիները կտուժեն, Ռուսաստանում խնդիրներ կառաջանան հայ գործարարների համար, թույլ չի տրվի այն տեղից գումարներ ուղարկել։ Հարց է առաջանում՝ ու՞մ է սա ձեռնտու, պատասխանը ակնհայտ է, ոչ Հայաստանին։

Իհարկե մենք էլ հարցեր ունենք Ռուսաստանին, մեր հասարակության մեջ էլ կուտակված են որոշակի խնդիրներ կապված Ռուսաստանի վարքագծի հետ, բայց այդ հարցերը մենք բարձրացնելու ենք դրանք բարեկամաբար լուծելու մեր երկրի համար օգուտներ ապահովելու, այլ ոչ թե արհեստական հակադրություն ստեղծելու և թշնամանալու նպատակով։ Մենք պետք է շահերի համադրում իրականացնենք արտաքին քաղաքական ոլորտում և փոխշահավետ հարաբերություններ հաստատենք բոլորի հետ, պետք է խորացնել հայ-վրացական հարաբերությունները, ԱՄՆ-ի Եվրամիության հետ գործընկերային կապերի զարգացումը նույնպես բխում է մեր շահերից։

Մասնավորապես, պետք է ակտիվ բանակցել դեպի ԵՄ-ը, Հայաստանի քաղաքացիների առանց վիզա ռեժիմ սահմանելու համար։ Ութ տարի այս իբր արևմտամետ իշխանությունը մեկ մետր անգամ չի մոտեցել այս խնդրի լուծմանը։ Հենց սրա համար է, որ մենք ասում ենք, որ այն ձևակերպումները, թե սա արևմտամետ է, նա ռուսամետ է, դատարկություն են։ Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների հետ կապերի զարգացումը հսկայական տնտեսական օգուտներ կարող է բերել։ Ինչո՞վ ենք մենքպակաս Վրաստանից, որն այդ երկրներից միլիարդավոր ներդրումներ է ստանում»,– հայտարարեց Թևանյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նաընդգրեց, որ իրենք կողմ ենք միջպետական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների. «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը, և այս առումով մեր դիրքորոշումը հետևյալն է.

  1. հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետներում կոնկրետ քարտեզով և իրավական հիմքով։
  2. ռազմագերիների անվերապահ վերադարձ, որպես վստահության ձևավորման ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հարց։
  3. արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում միջազգային անվտանգության երաշխիքների և միջազգային գործընկերների մասնակցության ներքո, չ
  4. հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորների ինստիտուտի ներմուծում,
  5. Հայաստանի ներքին որոշումները չեն կարող կայացվել ադրբեջանական ճնշման ներքո, այդ թվում սահմանադրական փոփոխությունների մասով։

Նա ով չի ափսոսում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի ու մեծ հաշվով հայ չի, բայց նա ով  հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո, վաղը անմիջապես վերադարձնելու է Արցախը, նա կամ խելք չունի, կամ արկածախնդիր է»։

Խոսելով տնտեսական քաղաքականության մասին, Թևանյանը նշեց. «Մենք ունենք բոլոր հնարավորություններն առաջիկա հինգ տարում ավելի քան կրկնապատկել ՀՆԱ–ն։ Մրցունակ տնտեսությունը և հարկային ողջամիտ քաղաքականությունը ենթադրում են հետևյալ քայլերը. 10 մարզերում հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի ստեղծել։ Առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150 000 դրամ։ Տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառության ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատվեն շրջանառության հարկից, այսինքն 0% հարկ միկրոբիզնեսի համար։ Տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը պետք է սահմանել 1%-ը։ Մենք առաջարկում ենք կրճատել գույքահարկի չափը, որովհետև սա ուղղակի թալան է։

Լուրջ խնդիր է բանկային տոկոսների տակ մեր քաղաքացիների ճկռելը։ Մենք դեմ ենք վարկային գերությանը և բանկային ռեկետին։ Դրա համար մասնավորապես առաջարկում ենք մինչև 5 միլիոն դրամ վարկեր ունեցողների համար տույժ–տուգանքների մասով համաներում հայտարարել և մարդկանց ազատել այդ վարկային գերությունից»։

Անդրադառնալով աղքատության խնդրին, նա ընդգծեց. «Աղքատության հաղթահարումը մեզ համար պատվի հարց է. առաջարկում ենք ամսեկան կենսաթոշակի նվազագույն չափը 2027 թվականից փուլային տարբերակով պետք է դարձնել 100000 դրամ և յուրաքանչյուր տարի թոշակների չափն ավելացնել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։

Պետական ու համայնքային պատկանելության բոլոր կրթօջախները՝ մանկապարտեզից մինչև բուհեր պետք է լինեն անվճար»։

Այնուհետեւ Թևանյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին. «Առաջարկում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս և նպաստել իշխանափոխությանը։

Սիրելի քաղաքացի անպայման գնա ընտրատեղամաս, գնա որպեսզի սրանք գնան, որպեսզի մնա Հայաստանը, գնա որպեսզի նորից չլինեն պատերազմներ, զոհեր, կորուստներ և ավերածություններ։ Գնա, որպեսզի մենք երաշխավորված խաղաղություն ունենանք, գնա, որպեսզի մեր երեխաներն ունենան ապագա, Հայաստանը չմնա առանց դաշնակիցների։ Գնա, որպեսզի մենք բանիմաց և ունակ իշխանություն ունենանք»։