Մոսկվան ի սկզբանե մատնանշել է Մերձավոր Արևելքում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը չունի ռազմական լուծում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է TASS-ը։

«Մեր երկիրն ի սկզբանե՝ իր առաջին իսկ հայտարարություններում, ասել է այն մասին, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այդ ագրեսիան (ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ — խմբ. TASS), որ այս իրավիճակը չունի որևէ ռազմական լուծում, և առհասարակ տարածաշրջանում սեփական կարգերը հաստատելու փորձերն անընդունելի են։ Անհրաժեշտ է անհապաղ անցնել իրական՝ ոչ թե որպես քողարկման գործողություն, այլ իրական քաղաքական-դիվանագիտական կարգավորման, որի հիմքում, բնականաբար, ընկած է բանակցային գործընթացը, որը պետք է իրականացվի դիրքորոշումների իրական հաշվառմամբ», — ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ռուս դիվանագետը նաև ընդգծել է, որ «նմանատիպ միակողմանի, ագրեսիվ և չհրահրված հարձակման մոտեցումը» կրել է «ջախջախիչ պարտություն»։