Ռուսաստանցի լրագրող Պավել Զարուբինն իր Telegram-ալիքում հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման անհայտ կադրեր:
Լրագրողը նաև մեկնաբանել է բանակցությունները՝ ներկայացնելով իրադարձությունների սեփական մեկնաբանությունը:
«Շարասյան կազմում միշտ շտապօգնության մեքենա կա, բայց այդ օրը այդ մեքենաներն անխուսափելիորեն սովորականից ավելի շատ ուշադրություն էին գրավում»,- իր ռեպորտաժն այսպես է սկսում Զարուբինը:
Ըստ լրագրողի, «որոշակի լարվածություն զգացվում էր դեռևս հանդիպումից առաջ»։
Այնուհետև Զարուբինը կենտրոնանում է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև կարճ մտքերի փոխանակության վրա, որտեղ հնչում է կարճ հարց. «Եվրոպական միությո՞ւն»:
«Հայաստանի ղեկավարությունը վաղուց հասկացնում է, որ պատրաստվում է երկիրը տանել Եվրոպական միություն, և, իհարկե, լրագրողներին ու երկու երկրների միլիոնավոր բնակիչներին վաղուց հետաքրքիր է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դա պատկերացնում: Չէ՞ որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է»,- իր ռեպորտաժում հայտարարում է լրագրողը:
Այնուհետև Զարուբինն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն գրիչ և նոթատետր է օգտագործում:
«Նոթատետրով և գրչով: Սկսեց գրառումներ անել՝ երբեմն կարծես զարմանալով լսածից»,- մեկնաբանում է ռուսաստանցի լրագրողը:
Ըստ նրա, բոլորը սովոր են, որ նման հանդիպումների սկիզբը հրապարակայնորեն սովորաբար անցնում է շատ չոր, արարողակարգային, «բայց այս անգամ բոլոր խնդրահարույց հարցերն ասվեցին ուղղակիորեն՝ մեկը մյուսի հետևից»:
«Կարծես թե բոլոր նշումներն ավարտված են, բայց մի քանի վայրկյան անց Փաշինյանը նորից ձեռքը մեկնում է նոթատետրին, քանի որ Պուտինը շարունակում է»,- պատմում է նա:
Անդրադառնալով երկու երկրների առաջնորդների կողմից Լեռնային Ղարաբաղի թեմայի քննարկմանը՝ Զարուբինն ուշադրություն է հրավիրում «կատարյալ լռության» վրա:
«Կրեմլի ներկայացուցչական աշխատասենյակում կատարյալ լռություն է: Չեն լսվում նույնիսկ լրագրողները, որոնք մշտապես աղմուկով ինչ-որ բան են վայր գցում, բայց հիմա, կարծես, կարելի է զգալ նույնիսկ դահլիճում գտնվող բոլորի շնչառությունը»,- նշում է Զարուբինը:

