Նախևառաջ, արժե ըստ արժանվույն գնահատել Կրեմլում այն մարդկանց հումորի զգացումը, որոնք համաձայնեցին հանդիպել ապրիլի 1-ին՝ սուտ ասելու օրը։ Այլ կերպ ասած, նրանք Փաշինյանին ինքնաբացահայտվելու հնարավորություն ընձեռեցին։ Փաշինյանի բախտը բերել էր, քանի որ նրան Կրեմլում ընդունեց Պուտինը, այլ ոչ թե Թրամփը՝ Սպիտակ տանը։ Որովհետև եթե Պուտինը Թրամփ լիներ, դա կլիներ Թրամփ-Զելենսկի հանդիպման ռեմեյքը, որը բոլորին այդքան վրդովեցրել էր։ Չէ՞որ դրա համար պարոն Փաշինյանի վարքագծում և նրա վարած քաղաքականության մեջ կան բոլոր հիմքերը, գրել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը պարոն Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հարցերի վրա։ Առաջինը, որ ասաց Վլադիմիր Պուտինը, հետևյալն էր. մեր հարաբերությունները զարգանում են, բայց միևնույն ժամանակ, առևտրաշրջանառությունը տարվա ընթացքում կիսով չափ նվազել է՝ 11 միլիարդից հասնելով 6 միլիարդի։ Պուտինն ասաց, որ դուք, իհարկե, կարող եք ձեր բախտը փնտրել այլուր, սակայն գազն այժմ վաճառվում է 600 դոլարով հազար խորանարդ մետրի համար, մինչդեռ մենք այն ձեզ վաճառում ենք 177 դոլարով, և դուք նույնիսկ դրանից եք դժգոհ։ Ռուսաստանը կմնա ամենակարևոր առևտրային գործընկերը. Ռուսաստանը Հայաստանի տնտեսության միակ այլընտրանքն է։

Պարոն Փաշինյանը, Կրեմլում գտնվելու ընթացքում, ստիպված էր լսել և նույնիսկ համաձայնել։ Մինչդեռ իրականում, այնտեղ՝ Հայաստանում, նա ամեն ինչ անում է, որպեսզի վերաուղղորդի Հայաստանի տնտեսությունը և նոր ընկերներ գտնի։ Նախագահ Պուտինն այդ ամենը հրապարակավ, նրբանկատ և քաղաքավարի ձևով փոխանցեց ոչ միայն Փաշինյանին, այլև բոլոր նրանց, ովքեր դիտում էին հեռարձակումը։

Հետաքրքիրը դեռ առջևում էր: Պուտինն ասաց, որ անհնար է միաժամանակ լինել և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության անդամ։ Նախագահը դա ասաց վճռականորեն, և ոչ առաջին անգամ։

Ի՞նչ է պատասխանում Փաշինյանը Պուտինին. «Այո, մենք հասկանում ենք, որ դա անհնար է, բայց դրա ժամանակը դեռ չի եկել։ Մենք ինչ-որ ուղղություն ենք վերցրել, և երբ ինչ-որ բանի հասնենք, այդ ժամանակ կընտրենք ձեր և մյուսների միջև»։ Իսկ առայժմ, իբրև թե, ամեն ինչ լավ է։

Նախ, ամեն ինչ այդքան էլ լավ չէ, եթե առևտրաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում կիսով չափ նվազել է, և, ինչպես պնդում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են ներդրումներին և Ռուսաստանի հետ առևտրին։ Երկրորդ, Եվրասիական միությունում նրանից ի՞նչ դաշնակից և գործընկեր, որը բացահայտորեն պատմում է, թե մտմտում է այդ միությունից փախչելու մասին՝ գայթակղվելով եվրոպական ինչ-ինչ խոստումներով։

Պարոն Փաշինյանը չգիտես ինչու մտքից թռցրել է, որ հենց ինքն ու իր կառավարությունը հլու-հնազանդ խորհրդարանի միջոցով անցկացրին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Այդ օրենքն արդեն երկու տարի է, ինչ ընդունվել է։ Եվ դա այն դեպքում, երբ բոլորը, թե՛ Հայաստանում, թե՛ Եվրամիությունում, հասկանում են, որ Հայաստանը ԵՄ որևէ հրավեր չի ստանա, և Հայաստանի հերթը չի էլ հասնի:

Այո, մոտենում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Այս գագաթնաժողովը նախընտրական բնույթ ունի. Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Կայա Կալլասի նման գործիչները հավատարիմ են իրենց և փորձում են քանդել հետխորհրդային տարածքը։ Իհարկե, նրանք ուզում են խցկվել Հայաստանի հետ հարաբերությունների մեջ, մասնավանդ, որ Փաշինյանի պես գործընկեր ունեն, որի կառավարությունն արդեն սնվում է ԵՄ կաշառքներով՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Բայց դրանով հանդերձ Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները, առանց հրավեր ստանալու, օրենքն ընդունելու քայլին դիմել:

Միայն մի նպատակով: Որ շեղեն հանրապետության բնակչության ուշադրությունը, լվանան իրենց քաղաքացիների ուղեղները: Որպեսզի վերջիններս իմանան. նույնիսկ եթե մենք այսօր առևտուր ենք անում Ռուսաստանի հետ, դա անցողիկ է, իսկ ապագան Եվրամիությունում է:

Ինչպե՞ս կարող ենք վստահել մի գործընկերոջ, որի ամբողջ ջանքերը կենտրոնացած են գործընկերությունը քանդելու վրա: Փաշինյանը հենց նոր ապշեցրեց Հայաստանում Ռուսաստանի երկաթուղիների կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու գաղափարով: Դրանից առաջ նա փոխնախագահ Վենսի հետ համաձայնել էր Ամերիկայից գնել մոդուլային ատոմակայաններ, որոնք դեռևս գոյություն չունեն, փոխանակ վերանորոգելու Հայկական ատոմակայանը, որը կառուցվել և սպասարկում է Հայաստանին դեռևս խորհրդային ժամանակներից:

Զրույցի զգալի մասը նվիրված էր Ղարաբաղին և ՀԱՊԿ-ի դեմ բողոքներին: Պարզվում է՝ Ղարաբաղը Փաշինյանը չի վերջնականապես հանձնել 2022 թվականին, նա դա արել է, քանի որ Ռուսաստանն է իրեն էդպես հրամայել։ Դա սուտ է։

Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ դրանից առաջ նա պարտվել էր պատերազմում, քանի որ ի սկզբանե որդեգրել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն, որը նրան ոչ միայն պետք չէր, այլև վնասակար էր իր իշխանությունը պահելու համար։ Նա վերջերս հայտարարել է, որ Ղարաբաղը «միշտ էլ օղակ է եղել Հայաստանի պարանոցին»։ Նա ազատվել է Ղարաբաղից պատերազմում պարտվելու գնով։ Բայց նա իր պարտնյոր Իլհամ Ալիևի հետ կարողացավ Ռուսաստանին հիմար դրության մեջ դնել, երբ մենք, ցանկանալով հանդարտեցնել կրքերը, նրանց հրավերով խաղաղապահ ուժեր տեղակայեցինք Ղարաբաղում։ Մեր թիկունքում ընկերները պայմանավորվեցին, և մեր զորակազմը հայտնվեց կեղծ դրության մեջ՝ Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության արտագաղթի վիճակագիր դառնալով  Հարյուր քսան հազար մարդ, մինչև վերջին մարդը, լքեց իր պատմական հայրենիքը՝ թողնելով տները, եկեղեցիներն ու գերեզմանները։

Հանդիպման ժամանակ Փաշինյանը բառեր չխնայեց Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկան և նույնիսկ ավելի պայծառ ապագան նկարագրելիս։ Եթե ​​այդքան պայծառ է այդ ապագան, ապա ինչու է բողոքում ՀԱՊԿ-ից, թե չպատերազմեց Ադրբեջանի դեմ, որի հետ Հայաստանը Փաշինյանի օրոք այդքան ջերմ հարաբերություններ ունի։

Պուտինն առաջարկեց բաց թողնել այդ թեման, որը Փաշինյանը ներքաղաքական նպատակներով առաջ է մղում 2022 թվականից՝ ի դեպ, Կենտրոնական ռազմական շրջանի ստեղծումից և Արևմուտքի հետ մեր ակտիվ հակամարտության փուլից ի վեր։ Սակայն Փաշինյանը, պատասխան խոսքում, միևնույն է, չկարողացավ դիմադրել նույն մանտրաները կրկնելուն գայթակղությանը։ Հասկանանք, է՛լի. ՀԱՊԿ-ը մեղավոր է, որ չի՞ պայքարում Ադրբեջանի դեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ինքն է ամրապնդում  Բաքվի հետ հարաբերությունները։

Սակայն Փաշինյանն իր ստերի գագաթնակետին հասավ՝ Հայաստանում ռուսամետ ուժերի և ընդդիմության հետապնդումների մասին ակնարկելիս Ռուսաստանի նախագահի նուրբ խնդրանքին ի պատասխան։ Փաշինյանը, իհարկե, նյարդայնացավ, բայց չամաչեց՝ պատմելով Հայաստանում արտակարգ ժողովրդավարության մասին, որը նույնիսկ քաղաքացիներն են համարում չափից շատ։ Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, Հայ Առաքելական եկեղեցու չորս բանտարկված արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը դրա վառ օրինակն են։

Ինչո՞ւ Փաշինյանը հանդիպում փնտրեց Վլադիմիր Պուտինի հետ։ Դժվար չէ կռահել. նա դա արեց՝ շարունակելու համար խաբել իր հայրենակիցներին՝ Ռուսաստանի հետ թվացյալ լավ հարաբերություններով։ Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինի հետ այս հանդիպման արդյունքներով նրա համար հեշտ կլինի դա անել»,- նշել է Զատուլինը։