Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Աեյեդ Խամենեին հայտնել է, որ մարդկանց զոհվելու եւ երկրին պատճառված վնասի պատասխանատվությունը դնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, տեղեկացրել է IRNA-ն։

Ինչպես հայտնել է Mehr-ը, Խամենեին իր ելույթի ժամանակ նշել է, որ անկարգությունները կազմակերպել է ԱՄՆ-ը, եւ Վաշինգտոնի նպատակը Իրանին կուլ տալն է։

«[Իսլամական] հեղափոխության սկզբից Ամերիկան ձգտում է վերականգնել տիրապետությունը, որը կորցրել է Իրանում։

Միացյալ Նահանգների քաղաքականությունը բոլոր վարչակազմերի օրոք եղել է այն, որ թույլ չտա այնպիսի անկախ երկրի գոյությունը, ինչպիսին Իրանն է»,- իրանական լրատվամիջոցը մեջբերել է այաթոլա Խամենեիին։

Նրա խոսքով՝ նախկինում անկարգություններին միջամտում էին արեւմտյան ԶԼՄ-ները, բայց այս անգամ Միացյալ Նահանգների նախագահն ինքն է խրախուսել խռովարարներին։

«Ամերիկացիները, ընդարձակ բազա ունենալով,  կազմակերպեցին այս խռովությունն իրենց սեփական նպատակներով, բայց իրանցի ժողովուրդը հաղթեց նրանց ճիշտ այնպես, ինչպես եղավ 12-օրյա պատերազմում։ Սակայն դա բավական չէ, Ամերիկան պետք է պատասխանատվություն կրի։ Մենք չենք ցանկանում երկիրը մղել պատերազմի, բայց եւ ներքին մեղավորներին հենց այնպես բաց չենք թողնի»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։