«Ավստրալիան և Նոր Զելանդիան առաջին ոչ ՆԱՏՕ երկրներն են, որոնք միանում են PURL ծրագրին»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների երկու երրորդը հայտարարել է PURL ծրագրին իրենց մասնակցության մասին, որը, ընդհանուր առմամբ, օգոստոսից մինչև տարեվերջ Ուկրաինայի համար կապահովի ավելի քան 4 միլիարդ դոլարի ամերիկյան զենքի գնում։

PURL ծրագիրը փոխարինում է Կիևին ԱՄՆ-ի անվճար զենքի մատակարարումներին կամ վարկային գնումներին։ Այդ ծրագիրը նախատեսում է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների և Կանադայի կողմից Ուկրաինայի համար ամերիկյան զենքի կառուցվածքային գնումներ ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով։ Ծրագիրը համաձայնեցվել է հուլիսին, և առաջին գնումները սկսվել են այս տարվա օգոստոսին։

Ռյուտեն ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է, որ ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումները հաջորդ տարի կհասնեն ամսական 1 միլիարդ դոլարի։ Այդ գումարը չի ներառում եվրոպական երկրների կողմից Կիևին սեփական զենքի մատակարարումները։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովի 2026-2027 թվականների ծրագրով, ԵՄ բոլոր երկրները մտադիր են Կիևի ռազմական կարիքների համար 115 միլիարդ եվրո ծախսել։